6 սեպտեմբերի 2005 - 10:17 AMT
ԱՀ ԿԸՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՐԵՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրատարածքի գործարկումը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար բացահայտորեն քարոզչական որոշում է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների ուսումնասիրման եւ միգրացիայի դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովը: Ըստ նրա, «այդպիսին էր նաեւ ժամանակին կայացված որոշումը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի պատգամավորների համար տեղեր թողնելու վերաբերյալ, թեեւ բոլորը հիանալի գիտեին եւ հասկանում էին, որ ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղում քվեարկությանը չեն մասնակցի»: Այժմ էլ պարզ է, որ հայերը չեն մասնակցի, նշել է ադրբեջանցի փորձագետը.«Առավել եւս, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները շատ անհետեւողական են: Դե եթե նրանք հայտարարել են Լեռնային Ղարաբաղի բնակչության համար ընտրատարածք բացելու մասին, ապա պետք է թույլ տան հայ դիտորդների մասնակցությունը ընտրությունների դիտարկմանը: Թե չէ հայտարարում են ընտրական տեղամասեր բացելու մասին, իսկ հետո մերժում են հայ լրագրողներին (եթե չեմ սխալվում) Բաքու ժամանելու եւ ընտրություններին հետեւելու հարցում այն հիման վրա, որ նրանք թշնամական երկրից են»,-ավելացրել է Ա.Յունուսովը: Նրա խոսքերով, շատ այլ բաներ եւս Ադրբեջանի իշխանությունները պետք է շտկեն: «Թեկուզ չխոչնդոտեն բնակչության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների շփումներին: Դա բխում է խաղաղության եւ մեր ժողովրդների շահերից»,-եզրակացրել է քաղաքագետը: