6 սեպտեմբերի 2005 - 11:37 AMT
ՕՍԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԵՌԵՎՍ ՉԿԱՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մոտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, մնացել է միայն քննարկել մանրամասները արտգործնախարարների մակարդակով: Այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Միեւնույն ժամանակ, նա կրկին հիշեցրել է, որ Հայաստանը չի քննարկի ոչ մի տարբերակ, բացի նրանից, որը կապահովի Լեռնային Ղարանբաղի ինքնորոշման իրավունքը: Մինչդեռ Վարդան Օսկանյանը նշել է, որ հիմնական հարցերի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն, սակայն «սատանան մանրամասների մեջ է թաքնված», հայտարարել է նա եւ ավելացրել, որ դետալները մանրամասնելու ընթացքում Հայաստանի արտգործնախարարությունը կարող է բախվել լուրջ դժվարությունների: ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ հիմնական հարցերի շուրջ ադրբեջանական կողմի հետ ձեռք է բերվել որոշակի պայմանավորվածություն, սակայն չմանրամասնեց դրանք: Վ.Օսկանյանը նշել է նաեւ, որ դեռեւս չկա կոնկրետ պայմանավորվածություն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպման մասին: Ինչ վերաբերվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Կազանում կայացած հանդիպմանը, ապա Դ.Ռուպելը նշել է այդ հանդիպման խթանիչ արձագանքները եւ Բաքվում, եւ Երեւանում, եւ ավելացրել է. «Եկեք թույլ տանք երկու նախագահներին աշխատել, որի արդյունքում անակնկալի կգանք»: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Սահմանադրության փոփոխման առաջիկա հանրաքվեն Հայաստանում չի ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: «Ղարաբաղյան խնդրի լուծմանը առավել չափով կազդեն խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում, սակայն նույնիսկ եթե մենք կորցնենք մեկ-երկու ամիս, դա ոչինչ չի փոխի»,-հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը: