10 փետրվարի 2013 - 15:48 AMT
ԿԱՐԾԻՔ
Երբ թաղման կառավարական հանձնաժողովն է որոշում՝ ով է դասականը

Երեկ Երևանի քաղաքային պանթեոնում տեղի ունեցավ հայ ժամանակակից ամենամեծ բանաստեղծներից մեկի՝ Հովհաննես Գրիգորյանի հուղարկավորությունը:Երիտասարդ գրողների, գրականագետների բաց նամակը, որով նրանք խնդրել էին բանաստեղծին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում, մնաց անպատասխան, կառավարական հանձնաժողովի անդամներից որևէ մեկը այդպես էլ չբարեհաճեց մեկնաբանել՝ ինչով էր պայմանավորված նրանց այդ որոշումը:

Ինչևէ, հանձնաժողովի կազմը կա, կարող եք ծանոթանալ այդ կազմին, և եթե մի օր հանդիպեք այդ մարդկանցից որևէ մեկին, տալ ձեր հարցերը, թեև դժվար թէ որևէ խելամիտ պատասխան գտնվի այդ որոշմանը: Սերունդը, որը թողել է բանաստաղեծը, միևնույն է համոզված է, որ նա դասական է և կապ չունի, որ ինչ-որ հանձնաժողով այլ կարծիք ունի:

Իսկ երիտասարդ ստեղծագործողների այսօրվա սերունդը, որը կա, որով հպարտանում ենք, որի ներկայացուցիչներին շնորհվում են նախագահի մրցանակաները և այլն, կա, որովհետև կար Հովհաննես Գրիգորյանը, ով, եթե ոչ միակը, ապա մեկն էր այն քչերից, ովքեր ոչ թե կոտրում ու չեն ընդունում որևէ նոր բան, այլ ամեն ինչ անում են այդ երիտասարդների համար ճանապարհ բացելու, նրանց ոտքի կանգնեցնելու համար:

Ու ևս մեկ անգամ համոզվում ենք, որ կա մի բան, որն այդպես էլ չի թողնում որոշ անհատների ու անհատների խմբերի վեր կանգնել իրենց անձնական նկրտումներից, երբ հարցը վերաբերում է երևույթների, որոնք անգամ քննարկման չպիտի դրվեն: Ինչպես քննարկման չպիտի դրվեր այս հարցը:

Հ.Գ․ Ամիսներ առաջ, երբ հերթական անգամ հավաքվել էինք Հովհաննես Գրիգորյանի սենյակում ու զրուցում էինք, խոսքի մեջ ասաց, որ մարդիկ կան, ովքեր անգամ իր հիվանդությանն են նախանձում: Հիմա հասկանում եմ, որ բնավ չափազանցություն չէր:

Աստղիկ Հակոբյան