11 փետրվարի 2013 - 11:05 AMT
Հ.Բագրատյան. Միասնական թեկնածուի թեզի տակ փորձում են զրոյացնել ընդդիմությանը

Պարույր Հայրիկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի ու Հրանտ Բագրատյանի միավորումն ու հանրապետության նախագահի պաշտոնի համար միասնական պայքարը Հրանտ Բագրատյանը հնարավոր է համարում, եթե մյուս թեկնածուները կատարեն իր մի քանի նախապայմանները: Նախ Հրանտ Բագրատյանը պետք է համոզվի, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը ընդդիմություն են և վերջիններս պետք է հայտարարեն, որ հավատարիմ են ավելի վաղ իրենց ստորագրած հայտարարությանը. «Նրանք է պետք է հայտարարեն, որ ոչ մի պաշտոնի չեն հավակնում և ընտրություններից հետո չեն շնորհավորի իշխանությանը: Մի թեկնածուն արդեն հայտարարել է, որ նման բան անելու է, իսկ Պարույր Հայրիկյանից էլ իշխանության քննադատություն դեռ չեմ լսել, պետք է տարբերակնեք՝ ով է ընդդիմություն, ով՝ ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրանտ Բագրատյանը:

Ըստ թեկնածուի՝ միայն ինքն է, որ գործում է անկեղծ, առանց «խաղեր տալու» : Անդրադառնալով Հայրիկյանի Սահմանադրական դատարան դիմելուն, Բագրատյանը նկատեց, որ Հայրիկյանի հայտարարությունները մի քանի անգամ փոխվեցին և նշեց, որ միասնական թեկնածուի, ընտրությունները հետաձգելու և Սահմանադրական դատարան դիմելու միջև որևէ կապ չկա: Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, որ եթե միավորումը տեղի ունենա , ապա ինքը ՍԴ-ից հետ կվերցնի իր դիմումը «Եթե միասնական թեկնածու է լինում, ապա ընտրությունները չպետք է կայանան ճիշտ ժամանակին: Իսկ ու՞մ է ձեռնտու, որ ընտրությունները կայանան նշանակված օրը, պարզ է՝ իշխանությանը: Ես կարող եմ ենթադրել, որ սա իշխանության պահանջն է՝գնա, դիմիր, միասնական թեկնածություն ձևավորիր և հետո շնորհավորիր հաղթողին», - ասաց Հրանտ Բագրատյանը և նկատեց, որ միասնական թեկնածուի թեզի տակ փորձում են զրոյացել ընդդիմության թեկնածուին, այսինքն՝ իրեն:Հրանտ Բագրատյանը կարծում է, որ եթե Պարույր Հայրիկյանի այս հայտարարությունն ազնիվ է, ապա նա կհանի իր թեկնածությունը.«Այ դա կլինի տղամարդկային արարք»:

Բագրատյանը նաև տեղեկացրեց, որ միասնական թեկնածուի վերաբերյալ քննարկումներ վաղուց են եղել, սակայն իրենք դեռ չէին հասել այն կետին, թե ով է լինելու միասնական թեկնածուն : Այս պահին Հրանտ Բագրատյանը բացառում է, որ ինքը կհանի իր թեկնածությունը, որովհետև միակ ընդդիմությունն ինքն է, իսկ եթե մյուս թեկնածուներն ազնիվ են, ապա կապացուցեն դա և նորից կսկսվեն քննարկումները: