Սիրիահայ ոսկերիչներին առաջարկում են սեփական գործը հիմնել Հայաստանում

Սիրիահայ ոսկերիչներին առաջարկում են սեփական գործը հիմնել Հայաստանում

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի ոսկերչական գործարանում հանդիպում ունեցավ Հայաստանում գտնվող սիրիահայ ոսկերիչների հետ,ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Ողջունելով ներկաներին, նախարարը ուրախությամբ նշեց, որ նրանք ցանկություն են հայտնում Հայաստանում իրենց գործը հիմնելու, միևնույն ժամանակ չթաքցրեց իր մտահոգությունը հմուտ և իրենց գործում հաջողակ ոսկերիչների ժամանակավոր անգործության կապակցությամբ: Հ. Հակոբյանը հորդորեց Հայաստանում գտնվող սիրիահայերին, որ նրանք օր առաջ հիմնեն իրենց գործն ու կոչ արեց առանց մտավախությունների ձեռնարկել առաջին գործնական քայլերը. «Պետությունը կանգնած է յուրաքանչյուրիդ կողքին՝ բիզնես հիմնելու առաջին քայլից: Մենք պատրաստակամ ենք անհրաժեշտ խորհրդատվությամբ ապահովել, աջակցել կազմակերպությանը՝ գրանցումից՝ մինչև կայանալն ու շահույթ ստանալը»:

Նախարար Հ. Հակոբյանը հաջողակ բիզնես ունենալու հարցում կարևորեց վստահելի գործընկերոջ ընտրության, պետության կողմից հստակ ու հավաստի խորհրդատվություն ստանալու գործոնը:

Հանդիպմանը ներկա էր Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Էմիլ Գրիգորյանը, ով տեղեկացրեց, որ գործարանում ներկայումս աշխատում է հինգ սիրիահայ: Է. Գրիգորյանը սիրիահայ գործարարներին երկու առաջարկ արեց. ընդունվել աշխատանքի՝ որպես ոսկերիչ, կամ էլ առաջիկա 6 ամիսների ընթացքում անվճար աշխատանքային տարածք վերցնել: Այս պարագայում նրանք հնարավորություն կունենան օգտվել նաև գործարանի աշխատանքային գործիքներից, տարատեսակ արտադրամասերից: Գործարանի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց նաև աջակցել օրենսդրական և շուկայագիտական ոլորտների խորհրդատվությամբ: Համագործակցության պարագայում՝ գործարանի կողմից կտրամադրվեն նաև արտաքին շուկաների հնարավորություններն ու կապերը:

Հանդիպման մասնակիցները հետաքրքրվեցին արտահանման հնարավորություններով, հարցեր բարձրացվեցին մաքսային ու հարկային օրենսդրության որոշ դրույթների վերաբերյալ: Նշվեց, որ Հայաստանի՝ տվյալ ոլորտը կարգավորվող օրենսդրությունը լավագույններից է աշխարհում, ինչը հնարավորություն է տալիս ոսկերչության բնագավառում շահավետ գործունեություն ծավալել: Այսպիսով շատ մասնագետները տեղում նախանշեցին իրենց առաջիկա անելիքները՝ ընդունելով առաջարկվող տարբերակներից որևէ մեկը:

Այնուհետև սիրիահայ ոսկերիչները շրջեցին գործարանում՝ տեղում ծանոթանալով իրենց ապագա գործընկեր կազմակերպության գործունեությանը, պարզաբանելով մի շարք հուզող հարցեր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---