7 սեպտեմբերի 2005 - 14:00 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՐՋԱՆՑՈՂ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահ Հովարդ Դինի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերություններին, Հայաստանում եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին առնչվող հարցեր: ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի փոխնախագահ Ջուդի Վան Ռեստի, Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տնօրեն Ստեֆան Նիքսի հետ քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, սահմանադրական եւ ընտրական բարեփոխումներին, ինչպես նաեւ ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գործունեությանն առնչվող հարցեր: Սենատոր Պոլ Սարբեյնսի, կոնգրեսականներ Խավիեր Բեկերայի, Բոբ Մենենդեզի, Էդ Ռոյսի , Ջորջ Ռադանովիչի, Ստենի Հաուերի հետ ունեցած առանձնազրույցների առանցքում Հայոց ցեղասպանության ճանաչման, տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին առնչվող խնդիրներն էին: Արթուր Բաղդասարյանը անընդունելի համարեց առկա Կարս-Գյումրի երկաթգիծը գործարկելու փոխարեն Թուրքիայի կողմից Հայաստանը շրջանցելով նոր երկաթգիծ կառուցելու մտադրությունը եւ կոչ արեց առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցող քննարկումների ժամանակ պաշտպանել Հայաստանի արդարացի դիրքորոշումը: Ա.Բաղդասարյանը հանդիպել է նաեւ «Վուդրո Վիլսոն» կենտրոնի տնօրեն Լ.Համիլտոնի հետ եւ քննարկել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ներքաղաքական զարգացումներին, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր: