Սերժ Սարգսյան. Մինչ այժմ թեկնածուները գոնե շատ թե քիչ իրենց կոռեկտ էին պահում, բայց…

Սերժ Սարգսյան. Մինչ այժմ թեկնածուները գոնե շատ թե քիչ իրենց կոռեկտ էին պահում, բայց…

PanARMENIAN.Net - Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել մայրաքաղաքի Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններում:

Նուբարաշենցիների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ընդամենը օրեր հետո կայանալիք նախագահական ընտրություններին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ մեր իրականության մեջ կան մարդիկ, ովքեր չարախոսելով փորձում են վարկաբեկել ընտրությունները: ՀՀ նախագահի թեկնածուն վստահություն է հայտնել, որ հայ ժողովուրդն իրեն բնորոշ իմաստությամբ, ինչպես մինչ այժմ է վարվել, ապագայում ևս կմերժի խեղկատակներին ու արկածախնդիրներին: Սերժ Սարգսյանի խոսքով, նախընտրական անցուդարձը երբեմն կարող է և հիասթափեցնող լինել, սակայն Հայաստանում կառավարման ժողովրդավարական համակարգն այլընտրանք չունի: Ժողովրդավարական համակարգը, ՀՀ նախագահի թեկնածուի խոսքով, երկրի ղեկավարներին պարտադրում է չկորցնել զգոնությունը, աշխատել թափանցիկ, հարգանք ցուցաբերել երկրի և նրա բոլոր քաղաքացիների հանդեպ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ինքն այդպես է աշխատել անցած հինգ տարիների ընթացքում և այսօր էլ նույն ոգով ներկայացել է ընտրողներին՝ նրանց քվեն խնդրելու առաջիկա հինգ տարիների համար:

Նա մեջբերել է թեկնածուներից մեկի արտահայտությունը, թե՝ «սա բարու և չարի պայքար է»: Նկատելով, որ մինչ այժմ թեկնածուները գոնե շատ թե քիչ իրենց կոռեկտ էին պահում, Սերժ Սարգսյանն անհասկանալի է համարել կրկին ամեն ինչ մերոնք-ձերոնքի, սև-սպիտակի, չարի և բարու բաժանելը և հռետորական հարց է բարձրացրել, թե ով է որոշում չարն ու բարին, և ընդհանրապես այդկերպ մտածող մարդիկ կյանքում լուրջ որոշումներ կայացրել են: ՀՀ նախագահի թեկնածուն անդրադարձել է նաև ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին հնչող հայտարարություններին՝ նման մոտեցումը որակելով ավանտյուրա և ընդգծել, որ այդ ճանապարհը ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Խոսելով բաժանարար գծերի, սև-սպիտակի մասին` Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը ցույց է տալիս դեպի լույսը, դեպի Հայաստանի վաղվա օրը՝ ապահով Հայաստան տանող ճանապարհը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---