8 սեպտեմբերի 2005 - 07:43 AMT
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆԴԵՔՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 83-ՐԴ ՏԵՂԸ
Ըստ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մարդկային զարգացման մասին ամենամյա զեկույցի, Անկախ պետությունների համագործակցության բոլոր հանրապետությունները մտել են զարգացման միջին մակարդակի խմբի մեջ: Մարդկային զարգացման ցուցանիշով Ռուսաստանը գրավել է 62-րդ տեղը, Բելառուսը` 67, Ուկրաինան` 78, Ղազախստանը` 80, Հայաստանը` 83, Թուրքմենստանը` 97, Վրաստանը` 100, Ադրբեջանը` 101, Ղրղզստանը` 111, Մոլդովան` 115, Տաջիկստանը` 122-րդ տեղը հետազոտված 177 երկրներից: ՄԱԿ-ի փորձագետների համար որպես վերլուծության չափանիշ են ծառայել ազգի առողջության ցուցանիշը, կյանքի տեւողությունը, սոցիալական պաշտպանվածությունը, բնակչության մեկ անձին հասնող ՀՆԱ չափը, կրթական եւ մշակութային մակարդակը, հանցավորությունը եւ բնապահպանական իրադրությունը: Ըստ նշված պարամետրերի գերագույն գնահատականներն են ստացել Նորվեգիան, Իսլանդիան, Ավստրալիան, Լյուքսեմբուրգը եւ Կանադան: Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ճապոնիան երկու դիրքի կորուստ են ունեցել նախորդ տարվա համեմատ եւ զբաղեցնում են համապատասխանաբար 10 եւ 11 տեղերը: Զարգացման բարձր մակարդակով երկրների ցուցակում են ընդգրկվել բալթյան բոլոր պետությունները, զբաղեցնելով համապատասխանաբար Էստոնիան` 38, Լիտվան` 39 եւ Լատվիան` 48 տեղերը: 32 ամենահետամնաց երկրների թվում են Մալին, Բուրկինա-Ֆասոն, Սյերա Լեոնեն եւ Նիգերը: