8 սեպտեմբերի 2005 - 07:51 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆԸ ԵԽ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
«Գուրգեն Մարգարյանի շահերի պաշտպանության կազմակերպությունը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանական մամուլում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների գծով հանձնակատարի պաշտոնի համար առաջադրվել է Ադրբեջանի մարդու իրավունքների գծով լիազոր (օմբուդսմեն) Էլմիրա Սուլեյմանովայի թեկնածությունը, որն ընդգրկվել է այդ պաշտոնին հավակնող 8 թեկնածուների ցուցակում: Ադրբեջանական կողմը հիացմունքով ներկայացնում է դա որպես «փայլուն դիվանագիտական քայլ»: Մի կողմ թողնելով Էլմիրա Սուլեյմանովայի անձնական բնութագիրը եւ Ադրբեջանում նրա կատարած աշխատանքի գնահատկանը, մենք կցանկանայինք Եվրոպայի Խորհրդի ուշադրությունը հրավիրել նրա գործունեությանը հայ-ադրբեջանական հակամարտության ոլորտում եւ դրա կարգավորման գործընթացում: Սուլեյմանովայի առանձին գործողությունների եւ արտահայտությունների վերլուծությունը կասկած չի թողնում, որ օմբուդսմենի ինստիտուտը եւ ինքը Ադրբեջանի Մարդու իրավունքների գծով լիազորը դարձել են ադրբեջանական իշխանությունների պաշտոնական քաղաքականության խոսափողը, որոնք նպաստում են հակահայկական, քսենոֆոբիական եւ ռասիստական ճարտասանությանը ինչպես երկրի ներսում, այնպես էլ` նրա սահմաններից դուրս: Այսօրվա Ադրբեջանում նման քաղաքականության օրինակները բավարար են: Ցավոք, մինչ այժմ մեզ հայտնի չեն այդ ինստիտուտի կողմից դեռեւս Բաքվում մնացած հարյուրավոր հայերի իրավունքների պաշտպանության օրինակներ, որոնք ենթարկվում են ճնշումների եւ հետապնդումների: Ադրբեջանի օմբուդսմենի ինստիտուտը եւ նրա ղեկավարը ոչ մի անգամ հանդես չեն եկել կոչով կամ հայտարարությամբ ընդդեմ Ադրբեջանում սանձազերծված ագրեսիվ հակահայկական քարոզարշավի, որն առավել մեծ ծավալներ է ստանում ներկայիս նախընտրական արշավի ընթացքում: Ավելին, գործելով պաշտոնական իշխանությունների հետ մեկտեղ, Ադրբեջանի իրավապաշտպանության ազգային ինստիտուտը ի դեմս Սուլեյմանովայի բազմիցս անգամ հանդես է եկել քննադատությամբ հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հասցեին, որոնք Ադրբեջանը ընդգրկել ենք մարդու իրավունքների տեսակետից ոչ ազատ երկրների ցանկում, այն դեպքում, երբ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ընդգրկվել են մասնակիորեն ազատ երկրների ցուցակում: Նման դիրքորոշումը բոլորովին էլ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք ոչ մի բացատրություն եւ արդարացում չունեցող Է.Սուլեյմանովայի հայտարարությունն, արված 2004թ. փետրվարին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունից հետո: Նշենք, որ երկու սպաները մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Համերաշխ ձայների ընդհանուր տարափում, որոնք ամեն կերպ գովաբանում էին Եվրոպայի կենտրոնում կատարված երիտասարդի գազանային սպանությունը, որը գլխատվել էր միայն իր էթնիկ պատկանելության պատճառով, բարձր ու անհեթեթ հնչեց Է.Սուլեյմանովայի կարծիքը, որը չի ենթարկվում ոչ մի տրամաբանության ոչ համընդհանուր ընդունված իրավապաշտպանական նորմերի, ոչ էլ տարրական մարդասիրության տեսակետից: Ադրբեջանի օմբուդսմենը այդ բարբարոսական հանցագործությունը անվանեց «ճշմարիտ հայրենասիրության օրինակ ադրբեջանցի երիտասարդների համար»: «Գուրգեն Մարգարյանի շահերի պաշտպանության կազմակերպությունը իր պարտքն է համարում հայտարարել, որ Է.Սուլեյմանովայի ընդգրկումը Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների գծով հանձնակատարի պաշտոնին հավակնողների ցուցակում պատիվ չի բերում նման հեղինակավոր եւ հարգված կազմակերպությանը, ինչպիսին Եվրոպայի Խորհուրդն է: Այդպիսով կասկածի տակ է դրվում ԵԽ նվիրվածությունը մարդու իրավունքների բարձր իդեալներին, նրանց կատարմանը եւ պաշտպանությանը անկախ մարդու էթնիկ, ազգային կամ կրոնական պատկանելությունից: Ընտրությունների գործընթացի քաղաքականացումը եւ ոչ բավարար պահանջկոտությունը այդ պաշտոնը զբաղեցնելու հավակնություն ունեցող թեկնածուների հանդեպ, կարող են վարկաբեկել այդ եվրոպական ինստիտուտը եւ լուրջ կասկածներ առաջացնել առ այն, որ Եվրոպայի Խորհրդը ի դեմս Մարդու իրավունքների հանձնակատարի իսկապես եվրոպական քաղաքակրթության սանդղակի բարձրագույն արժեքն է համարում մարդու իրավունքները եւ հիմնական ազատությունները, որ ենթակա չէ անարժան քաղաքական կոնյուկտուրայի եւ արժանապատվորեն է դիմակայում մեր բարդ ժամանակների բոլոր մարտահրավերներին»,-հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: