12 փետրվարի 2013 - 14:00 AMT
Եթե Թուրքիան ու Իրանը հանգուցալուծեն Սիրիայի հակամարտությունը, Patriot ԶՀՀ-ները կապամոնտաժվեն

Արևմուտքը պետք է գիտակցի, որ անհնար է զենքի միջոցով ժողովրդավարության հասնել: Այդ մասին թուրք պաշտոնակից Ջեմիլ Չիչեկի հետ հանդիպմանը ՏՀԿ նիստի շրջանակներում հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին: Ըստ նրա, Patriot ԶՀՀ-ների տեղակայումը Թուրքիայում հակասություններ կառաջացնի տարածաշրջանում:

Քննարկվել է նաև իրավիճակը տարածաշրջանում: Անդրադառնալով Սիրիային՝ Լարիջանին կրկին շեշտել է, որ զենքի միջոցով անհնար է ժողովրդավարության հասնել:

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեկը հայտարարել է, որ Թուրքիան բազում քաղաքական քայլեր է ձեռնարկում խուսափելու համար դիմակայությունից: «Սակայն Թուրքիայի ջանքերն ապարդյուն են մնում: Patriot ԶՀՀ-ները հարկավոր են հենց Թուրքիային, նրանց տեղակայումը պաշտպանական բնույթ է կրում: Իրանին դա չպետք է մտահոգի: Եթե Իրանն ու Թուրքիան կարողանան միասին լուծել սիրիական հակամարտությունը, հրթիռները կապամոնտաժվեն»,-ասել է նա, հայտնում է MehrNews-ը: