8 սեպտեմբերի 2005 - 10:17 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԹԱՅԼԱՆԴԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ «ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ»
Հայաստանի եւ Թայլանդի արտգործնախարարությունները այսօր ստորագրել են «Համատեղ գործողությունների ծրագիր»: Ինչպես այսօր փաստաթղթի ստորագրումից հետո ճեպազրույցում հայտարարել է Թայլանդի թագավորության փոխարտգործնախարար Վիրաչայի Վիրամետեեկուլը, Թայլանդը ի դեմս Հայաստանի տեսնում է հարավկովկասյան տարածաշրջանում իր լավագույն բարեկամներից մեկին, դեռեւս այն ժամանակներից, երբ Թայլանդը Սիամ էր կոչվում: «Ես ուրախ էի իմանալ, որ մեզ մոտ առեւտրով զբաղվելու համար ժամանած առաջին եվրոպացիների թվում եղել են նաեւ հայեր, հատկապես ուրախ եմ, որ 1773 թվականին Թայլանդը մասնակցել է առաջին հայկական սահմանադրության հրատարակմանը: Մենք կարեւորում ենք սերտ հարաբերությունները, եւ թույլ տվեք ձեզ հավաստաիացնել, որ Թայլանդը գնահատում է այդ հարաբերությունները»,-հայտարարել է նա: «Ես պատիվ եմ ունեցել ուղեկցելու Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նրա հուլիսի 9-13-ը Թայլանդ կատարած այցի ժամանակ: Այդ այցի արդյունքում, որը կարեւոր նշնակություն ուներ մեր հարաբերությունների ամրապնդման համար, այսօր ստորագրվեց «Համատեղ գործողությունների ծրագիր»,-ավելացրել է Վիրաչայի Վիրամետեեկուլը: Նա նաեւ հաղորդել է, որ հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ եւ քննարկումներից հետո կողմերը եկել են համաձայնության ծրագրի շատ հարցերի շուրջ: Որից հետո Հայաստանի ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրթյանի հետ քննարկվել են ծրագրի մանրամասները, որից հետո ստորագրվել է փաստաթուղթը 2 տարի ժամկետով` 2005-ից 2007 թվականը: Այդ փաստաթուղթը որպես հիմնական լծակ կծառայի մեր երկու երկրների միջեւ հարաբերությունները խթանելու համար, իսկ Թայլանդի եւ Հայաստանի արտգործնախարարությունները կհամակարգեն եւ կվերահսկեն ծրագրի իրագործումը: Կողմերը պայմանավորվել են նաեւ համագործակցության մասին առեւտրի եւ տնտեսության, գիտության եւ տեխնոլոգիաների, տեղեկատվության եւ հեռահաղորդակցությունների, բժշկության, կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ սպորտի ոլորտներում: «Գերակա ոլորտ է համարվում գյուղատնտեսությունը, որտեղ երկու երկրներն էլ մեծ փորձ ունեն: Հայաստանը իր փորձը կկիսի խաղողի աճեցման, գինեգործության, կոնյակի արտադրության, ինչպես նաեւ մեր կլիմայական պայմաններում մրգերի աճեցման ոլորտներում: Թայլանդը իր տեխնոլոգիաների հետ կծանոթացնի թռչնաբուծական ֆերմաների, ագրոտուրիզմի զարգացման բնագավառում»,-նշել է Վիրաչայի Վիրամետեեկուլը: Ըստ նրա, Թայլանդը իր ապրանքները կներկայացնի Հայաստանում կայանալիք «Էքսպո-2005» ցուցահանդեսում: «Մենք կզարգացնենք նաեւ ներդրումային ուղղությունները եւ կանենք ամեն ինչ, հեշտացնելու համար մեր համատեղ ձեռնարկությունների աշխատանքը, հատկապես ոսկերչության ոլորտում: Ես հուսով եմ, որ այսօր ստորագրված փաստաթուղթը կծառայի մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը»,-ավարտել է իր ելույթը Թայլանդի փոխարտգործնախարարը: