12 փետրվարի 2013 - 15:23 AMT
Կիրո Մանոյան. Տարեց հայուհիների վրա հարձակումների պատվիրատուն Թուրքիայի իշխանությունն է

Թուրքիայում տարեց հայուհիների վրա վերջին հարձակումները վկայում են, որ այդ երկրում շարունակվում է հակահայկական քաղաքականությունը: ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն իր այս համոզմունքը հիմնավորում է նրանով, որ իշխող կուսակցության ներկայացուցիչներից և ոչ մեկը հրապարակայնորեն չի անդրադարձել այդ հարցին, իսկ հայերի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել: «Չնայած, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, թե հարձակումները միայն կողոպուտի փորձեր են, երկրում կան շջանակներ, որոնք դրանք ներկայացնում են որպես հայատյացության դրսևորումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կիրո Մանոյանը:

Նա նկատեց, որ Թուրքիայի մարդու իրավունքների միությունը հատուկ զեկույց է հրապարակել, որում նշել է այդ դեպքերը հրապարակայնորեն հետաքննելու անհրաժեշտության մասին, նաև ընդգծել, որ երկրում օրենք չկա շովինիզմի դեմ: Կիրո Մանոյանը նկատեց, որ երկրում վախի մթնոլորտ է` ճնշումներ հայ համայնքի վրա, իսկ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին նման միջադեպերի թիվը կարող է աճել: Նա ընդգծեց, որ նման միջադեպերի պատվիրատուն միանշանակ Թուրքիայի իշխանությունն է:

Հունվարի 25-ին Ստամբուլում հերթական հարձակումն է կատարվել հայուհու դեմ: Բարեբախտաբար, կինը շատ չի տուժել և հարազատները որոշել են չդիմել ոստիկանություն:

Հունվարի 22-ին և 23-ին երկու տարեց հայուհիներ հարձակման զոհ են դարձել Ստամբուլում: Հունվարի 22-ին 83-ամյա Սուլթան Այքարի վրա հարձակվել են նրա տան շեմին և ծեծի ենթարկել: Դիմակավոր հանցագործին հարևաններն են վախեցրել, որոնք դուրս են եկել Սուլթանի ճիչը լսելով: Ըստ հարևանների նկարագրության, հարձակվողը սևահեր, 35-40 տարեկան տղամարդ էր, ամբողջովին սևազգեստ: Հարձակման արդյունքում Այքարը, չնայած վիրահատությանը, մեկ աչքով կուրացել է: Տուժածի դուստրը՝ Մենզար Էթիկը հայտարարել է, որ իր մայրը թշնամիներ չունի: Նա չի հավատում նաև, որ հարձակման նպատակը կողոպուտն էր, քանի որ հանցագործը նույնիսկ նրա դրամապանակը չի վերցրել:

Հունվարի 23-ին ևս մեկ հարձակում է կատարվել տարեց հայուհու վրա: Երկու անհայտներ հարձակվել են կնոջ վրա հենց փողոցում, ծեծի ենթարկել ու փախուստի դիմել: Կինն, ըստ ականատեսների, ամբողջությամբ արյունոտված, շտապել է հեռանալ դեպքի վայրից: Դեռևս չի հաստատվել նրա անձը:

Հունվարի 6-ին երեք անհայտները փորձել են առևանգել մեկ այլ տարեց հայուհու, սակայն նրանց դա չի հաջողվել: Ըստ իրավապաշտպանների, բոլոր այդ հանցագործությունների պատճառը ոչ միայն ազգային հողի վրա ատելությունն է, այլ նաև հանցագործությունները կոծկելու իշխանությունների ձգտումը, գրում է Asbarez-ը:

Հունվարի 10-ին Ստամբուլում իր տանը սպանված է հայտնաբերվել հայկական «Արամյան» դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Իլքեր Շահինը: Շահինի գործընկերները ստիպված էին նրա բնակարան այցելել, քանի որ նա բավականին երկար ժամանակ չի պատասխանել հեռախոսազանգերին: Նրանք դիմել են ոստիկանություն: Մտնելով Շահինի բնակարանը, նրանք սպանված են հայտնաբերել 40-ամյա ուսուցչին: Ոստիկանությունը տանը պայքարի նշաններ է արձանագրել:

Իլքեր Շահինի կոկորդն են կտրել նրա դին հայտնաբերելուց 3 օր առաջ: Վերջինը, ինչ նա հասցրել է անել՝ Սբ Ծննդյան բարեմաղթանքներ է ուղարկել իր գործընկերներին:

Հարուցվել է քրեական գործ, հայտնում է Haberturk-ը:

2012թ. դեկտեմբերի 28-ին հայուհու դաժան սպանություն էր կատարվել ՝ սպանվել է 85-ամյա Մարիցա Քյոչուկը: Զառամյալ կնոջը, ըստ թուրքական ԶԼՄ-ների, ծեծել են մահից առաջ, բազմաթիվ հարվածներ հասցրել դանակով, հետո գլխատել:

Դին հայտնաբերել էր նրա որդին՝ Զատիկը: «Երբ ես տուն մտա, մութ էր, մայրիկը գետնի վրա էր ընկած: Ես մտածեցի, որ նա ընկել է: Հետո միայն տեսա, որ նրա մարմինը արյան մեջ է: Նա մերկ էր, կրծքի վրա խաչի նման նշան էր կտրված»,-պատմել է Զատիկը «Ակոսի» հետ զրույցում:

Դեկտեմբերի սկզբին ևս մեկ հայուհի էր բռնության ենթարկվել Ստամբուլում՝ նրան թալանել էին, հետո՝ սպանել: