12 փետրվարի 2013 - 16:11 AMT
ՄՕԿ-ը հորդորել է հանել ըմբշամարտը 2020թ. ամառային ՕԽ ծրագրից

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը խորհուրդ է տվել հանել ըմբշամարտը 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի ծրագրից, ասվում է կազմակերպության կայքում:

Նման որոշում է կայացվել երեքշաբթի Լոզանում տեղի ունեցած նիստում:

Չի նշվում, թե արդյոք ըմբշամարտի բոլոր ձևերն է խորհուրդ տրվում հանել ցանկից:

Վերջնական որոշումը Օլիմպիադայի ծրագրի վերաբերյալ կընդունվի ՄՕԿ 125-րդ նստաշրջանում Բուենոս Այրեսում սեպտեմբերին, այն ժամանակ էլ կընտրվի 2020թ. խաղերի մայրաքաղաքը, որին հավակնում են Մադրիդը, Ստամբուլն ու Տոկիոն: 2013թ. մայիսին միջազգային ֆեդերացիաները կներկայացնեն բոլոր մարզաձևերի շնորհանդեսները Սանկտ Պետերբուրգում: