8 սեպտեմբերի 2005 - 11:40 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ԹԱՅԼԱՆԴԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Հայաստանի եւ Թայլանդի միջեւ ակտիվ զարգացող առեւտրատնտեսական հարաբերություններն առիթ են տալիս նշելու այն մասին, որ ընթացիկ տարում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կկազմի 5 մլն դոլար, այն դեպքում, երբ 2004 թվականին այն կազմել է 3,8 մլն դոլար: Այս մասին Հայաստանի եւ Թայլանդի Թագավորության միջեւ «Գործողությունների համատեղ ծրագրի» ստորագրման արդյունքներով այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը: Նա գոհունակությամբ նշել է, որ անցյալ տարիների համեմատ` Հայաստանի եւ Թայլանդի միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է 5 անգամ, ընդ որում, նրա խոսքերով` Հայաստանից արտահանումը գերազանցում է ներմուծմանը: Ինչպես նշել է փոխնախարարը, հայ-թայլանդական զարգացող հարաբերություններում տեղի է ունեցել կարեւոր իրադարձություն` «Գործողությունների համատեղ ծրագրի» ստորագրում, որը նշանակում է երկկողմ հարաբերությունների զարգացման նոր փուլի սկիզբ: Ա.Բայբուրդյանը նշել է նաեւ, որ հունիսին Թայլանդ կատարած այցի ժամանակ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Թայլանդի վարչապետ Տակսին Չինավատրայի հետ ձեռք են բերել երկկողմ համագործակցություն նախատեսող փաստաթղթի մշակման համաձայնագիր: Այդ առնչությամբ Հայաստանի եւ Թայլանդի նախարարություններին հանձնարարվել է մինչեւ սեպտեմբերի 10-ն ավարտել աշախատանքը եւ ստորագրել փաստաթուղթը: Այդ փաստաթուղթը ոչ միայն նախատեսում է կոնկրետ երկկողմ գործողություններ, այլեւ ծրագրի իրականացում: «Հատկապես ցանկանում եմ նշել, որ հաջորդ տարի Երեւանում բացվելու է թայլանդական ապրանքների մշտական գործող ցուցահանդես, իսկ Բանկոկում` Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի ներակյացուցչություն, որը կնպաստի երկկողմ բիզնես-կապերի զարգացմանը եւ խթան կդառնա երկու երկրների միջեւ առեւտրի զարգացմանը»,- տեղեկացրել է Ա.Բայբուրդյանը: Նրա խոսքերով` հատկապես խորացել են հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում, եւ այդ բնագավառում գործում է հայ-թայլանդական աշխատանքային խումբ, որի առաջին նիստն արդեն կայացել է այս տարվա ապրիլին, իսկ արդեն նոյեմբերին նախատեսվում է անցկացնել երկրորդ նիստը: Ա.Բայբուրդյանը նշել է, որ չնայած Հայաստանի եւ Թայալանդի աշխարհագրական դիրքերին, ելնելով երկկողմ կապերի զարգացման դինամիկայից, կարելի է ասել, որ տարածությունը համագործակցության համար արգելք չի: