12 փետրվարի 2013 - 18:52 AMT
Արդեն 8-րդ անգամ Հայաստանում մեկնարկել է Գարնանն Ընդառաջ ծրագիրը

Արդեն 8-րդ անգամ մեկնարկեց Գարնանն Ընդառաջ ծրագիրը, որն իրականացվում է BirdLife միջազգային կազմակերպության կողմից, իսկ Հայաստանում` Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից և նպատակ է հետապնդում դիտելու և գրանցելու չվող թռչուններին ողջ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Այն ամենամյա կրթական ծրագիր է, որն այս տարի սկսվել է փետրվարի 12-ին և տևելու է մինչև հունիսի 21-ը:

Գարնանն Ընդառաջը միավորում է Եվրոպայի և Աֆրիկայի բնակիչներին, որոնք հետևում և գրանցում են լայնորեն տարածված 5 թռչնատեսակների գարնանային վերադարձը: Մասնակիցները հետևում են գարնան հերթափոխին մայրցամաքների միջև և գրանցում իրենց դիտարկումները www.springalive.net կայքում: Երեխաների մեծամասնությունը, ովքեր մասնակցում են Գարնանն Ընդհառաջ ծրագրին առաջին շփումն են ունենում թռչունների հետ և հնարավորություն են ստանում դիտարկելու և ավելին իմանալու նրանց մասին: Եվրոպայից Աֆրիկա միգրացիա կարատարող թռչունների դիտարկումը բացառիկ հնարավորություն է տալիս պատկերացնելու, որ թռչունները չվելիս սահմաններ չեն ճանաչում և այդ ընթացքում հաղթահարում են բազմաթիվ մարդածին խոչընդոտներ, ինչպիսիք են՝ բախումը էլեկտրալարերի հետ, բնադրավայրերի տարածքների կրճատումը և որսորդությունը:

Գարնանն Ընդառաջի պատմության մեջ 2012թ-ը համարվում է ամենահաջողակ տարին, քանզի գրանցվել է 173,140 դիտարկում: Գարնանն Ընդառաջի ողջ ընթացքում կազմակերպվելու են բազմաթիվ միջոցառումներ, որոնք լինելու են հետաքրքրաշարժ և կրթական բնույթի՝ էքսկուրսիաներ, թռչնատեսակների մասին տեղեկություններ և զանազան մրցույթներ: Գարնանն Ընդառաջի նմանատիպ միջոցառումները դարձնում են ծրագիրը ավելի հայտնի լայն լսարանի համար` երեխաների, նրանց ընտանիքների, ուսուցիչների և թռչնասերների համար: Գարնանն Ընդառաջի յուրաքանչյուր մասնակից կարող է նաև վայելել խաղեր և գրել իր սեփական «Գարնանային օրագիրը»` www.springalive.net կայքում, ասվում է Հայաստանի Թռչունների Պահպանման Միության հաղորդագրության մեջ:

«Գարնանն Ընդառաջը» համաեվրոպական ծրագիր է, որը ստեղծված է նպաստելու երեխաների հետաքրքրության մեծացմանը դեպի բնությունը: « Գարնանն Ընդառաջի» հիմնական բաղադրիչներից է զանգվածային մասնակցության համար նախատեսված էլեկտրոնային կայքը, որը գործում է շուրջ 40 երկրներում:

Մասնակիցները խրախուսվում են դիտարկելու և գրանցելու միգրացիոն թռչնատեսակների ժամանումը ամեն տարի: «Գարնանն Ընդառաջը» ծրագիրը գերմանական ծագում ունի: Առաջին անգամ ծրագիրն իրականացվել է 1987 Բավարիայում, Գերմանական Birdlife ներկայացուցչի կողմից: Ներկայումս ծրագիրն անցկացվում է Birdlife-ի գործընկերների կողմից ավելի քան 40 երկրներում:

Անցած տարի գրանցվեց 173 140 դիտարկում: Դիմավորենք գարունը միասին: Այցելեք www.springalive.net և գրանցեք ձեր դիտարկումները: