13 փետրվարի 2013 - 13:50 AMT
«Ժառանգություն». Ընտրակաշառքի մասին ահազանգերը քիչ են, բայց զգոնությունը չպետք է թուլացնել

Ոստիկանությունը, ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների, այս ընտրություններում իր լիազորությունների շրջանականերում ավելի օպերատիվ է: «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուրդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման գնահատական տվեց ընտրախախտումների հարցում ոստիկանության աշխատանքներին: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ հաճախ լինում է, որ մինչև իրենք հատուկ չեն ահազանգում ինչ-որ խախտման մասին, ոստիկանությունը չի արձագանքում: «Իրենք սպասում են մեր ահազանգին, որ աշխատեն: Այդպես չպետք է լինի»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը:

Ըստ Հովսեփ Խուրշուդյանի, ոստիկանության աշխատանքներին խոչընդոտում են ինչ-ինչ քաղաքական պատճառները: Նա հիշեցրերց, որ երեք թեկնածուները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը հայտարարել էին, որ առաջարկում են հրապարակել երկրից բացակայողներից ցուցակը: Դա ոստիկանությունը չի կարող անել մինչև չլինի հատուկ քաղաքական որոշում: «Իրենք ասում են, որ նման դեպքերում հատուկ որոշում է պետք: Սակայն կարելի էր գտնել կոպրոմիսային տարբերակ: Օրինակ տպագրված ցուցակները տրամադրվել ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներին: Որպեսզի համեմատեն, որ հանկարծ չստացվի այնպես, որ այդ քաղաքացիները զանգվածաբար քվեարկել են: Նրանք ընտածների ցուցակներին կարող են տեղեկանալ, ինչու՞ չեն կարող դա անել բացակայողների դեպքում»,- նկատեց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Հովսեփ Խուրշուրդյանը դրական է համարում այն, որ ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերը քիչ են, բայց կոչ է անում չթուլացնել զգոնությունը, որովհետև «կաշառք բաժանում են վերջին օրը»:

Ավելացնենք, որ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացված տեղեկություններով` 12.02.2013 թ. դրությամբ քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 22 դեպք: Դրանցից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 2 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: 15 դեպքերով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, իսկ 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, 4 դեպքերով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են տարածքային դատախազություններ: