13 փետրվարի 2013 - 14:08 AMT
Հունաստանի դեսպան. Այս ընտրություններից հետո կհստակեցվեն Հայաստանի ժողովրդավարական արժեքները

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 13-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսի հետ, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

ԱԺ փոխնախագահը և Հունաստանի դեսպանը քննարկել են Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների ընթացքին առնչվող հարցեր: Մասնավորապես, որ Հայաստանի իշխանությունների համար շատ կարևոր է ընտրությունների ժողովրդավարական լինելն ու միջազգային չափանիշներին համապատասխանելը: Շարմազանովի գնահատմամբ՝ նախընտրական պայքարը մրցակցային է և ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ հիմնականում ընթանում է ծրագրային ու գաղափարական հենքի վրա, գրեթե բացակայում է անձնական վիրավորանքն ու քաղաքական նիհիլիզմը: ԱԺ փոխնախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի համար մեծ հնարավորություն է ստեղծված` անշրջելի դարձնելու ժողովրդավարական ընտրությունները, և այս առումով կարևորել պատկան մարմինների՝ խախտումների վերաբերյալ օպերատիվ ու օբյեկտիվ արձագանքը:

Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսի գնահատմամբ՝ այս ընտրությունները նման են մի կայանի, որտեղ հստակ կդառնան Հայաստանի ժողովրդավարական արժեքները: Նրա համոզմամբ՝ ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու՝ իշխանությունների կատարած քայլերը ճիշտ են եղել և ավելի լավը, քան նախորդները: Ինչ վերաբերում է բողոքներին, դրանք լուրջ չեն և չեն կարող ազդել ո՛չ ընտրությունների ընթացքի և ո՛չ էլ արդյունքների վրա: Նա միաժամանակ նկատել է, որ աշխարհի բոլոր երկրներում էլ նախընտրական շրջանում բողոքներ լինում են. կարևոր է, որ իրավասու մարմինները արագ արձագանքեն դրանց` կանխելու հնարավոր խախտումները: Դեսպանը հույս է հայտնել, որ Հայաստանն այս ընտրություններով մեկ անգամ ևս կապացուցի, որ իր ստանձնած բարեփոխումները ճիշտ ուղու վրա են:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Հունաստանի դեսպանը Էդուարդ Շարմազանովին հանձնել է Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամների նամակը, որում նրանք տեղեկացնում են, որ սիրով են ընդունում ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի՝ Հայաստան այցելելու հրավերը և բարեկամական խմբերի համատեղ նիստեր անցկացնելու առաջարկը: