13 փետրվարի 2013 - 15:15 AMT
IFC-ն աջակցում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին բարելավել ՓՄՁ տրադամրվող ֆինանսական ծառայությունները

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն աջակցում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին ընդլայնել իր կողմից փոքր և միջին ձեռնարկություններին տրադամրվող ֆինանսական ծառայությունների ցանկը` նպաստելով Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանը և մասնավոր հատվածի զարգացմանը:

IFC-ն աջակցություն կցուցաբերի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների պահանջներին համապատասխան ֆինանսական գործիքների և ծառայությունների մշակման հարցում: IFC-ն նաև կօժանդակի բանկին ներդնել ռիսկերի գնահատման մեխանիզմներ, ինչը հնարավորություն կընձեռի մեծացնել բանկի կողմից փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող վարկերի ծավալը:

«Մեր գործընկեր IFC-ի հետ այս նոր համագործակցության շրջանակներում մենք հույս ունենք նշանակալից առաջընթաց արձանագրել` փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրելով իրենց պահանջներին համապատասխան ֆինանսական ծառայություններ» - ասաց ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

«Աշխատատեղերի ստեղծման գործընթացում հիմնական խոչընդոտն է վարկավորման հասանելիության բացակայությունը. դա հատկապես վերաբերում է միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին: Մասնագիտացած լինելով փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող բանկային ծառայությունների ոլորտում` IFC-ին, բանկի հետ համագործակցության շնորհիվ, կնպաստի բանկի կողմից փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող ծառայությունների բարելավմանը` օգնելով վերջիններիս վերաճել ավելի մեծ ձեռնարկությունների և ստեղծել հավելյալ աշխատատեղեր» - ասաց IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:

Այս նախաձեռնությունը մաս է կազմում IFC-ի կողմից Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրականացվող բանկային խորհրդատվական ծրագրի, որի նպատակն է աջակցել տարածաշրջանի ֆինանսական հաստատություններին հաղթահարելու գլոբալ տնտեսական ճգնաժամի հետևանքները: Ծրագիրը նպտաստում է ֆինանսական ոլորտում ռիսկերի կառավարման լավագույն փորձի ներդրմանը և աջակցում է փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող ծառայությունների բարելավմանը: IFC-ն իրականացնում է տվյալ ծրագիրը համագործակցելով Ավստրիայի զարգացման բանկի, Լյուքսեմբուրգի կառավարության և Շվեյցարիայի Տնտեսական հարաբերությունների պետական քարտուղարության հետ:

Այն պահից, երբ 1995թ. Հայաստանը դարձավ IFC-ի անդամ, IFC-ն ներդրել է 244 մլն. դոլար 40 ծրագրի իրականացման համար արդյունաբերության հիմնական ոլորտներում, այդ թվում` ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության: IFC-ին խորհրդատվական ծառայություններ է իրականացնում ծրագրերի միջոցով` ուղղված սննդամթերքի անվտանգությանը, ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկային և կանոնակարգման դաշտի պարզեցմանը: