13 փետրվարի 2013 - 15:25 AMT
Ա.Մանուչարյան. Կասեի` մի գնացեք ընտրության, բայց շատերի օրվա հացը կախված է դրանից

Հայաստանը իրական ընտրություն կատարել է միայն 1988-91 թվականներին, երբ կյանքի իր ձևն էր ընտրում: Նախ` նախագահ ընտրվեց Լևոն տեր-Պետրոսյանը , ապա խորհրդարանը կազմավորվեց: Դրանից հետո մենք ընտրեցինք կեղծ արժեքներ, այսպես կոչված` արևմտյան չափանիշներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: «Այսօր կեղծ ընտրություններ լինում են բոլոր երկրներում: Ուղղակի որոշ տեղերում կեղծումներ կատարվում են ավելորդ ընտրաթերթիկների միջոցով, իսկ Արևմուտքում երկու խամաճիկ թեկնածուներից ընտրվում է նա, ով պետք է թալանի: Սա համամարդկային թալանի համակարգ է»,-ասաց Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա` ընտրությունները Հայաստանում վերածված են զավեշտի:

«Սերժ Սարգսյանը միայնակ չարագործ չէ և ոչ էլ` հանրապետական կուսակցությունը չարագործների խումբ: Նրանք ուղղակի մտածում են` ինչու մենք չպետք է ընտրվենք, ուրիշները մեզանից լավ են թալանելու», - նշեց Աշոտ Մանուչարյանը և հավելեց. «Ես կասեի` մի գնացեք ընտրության, բայց գիտեմ, որ շատերի աշխատանքը կախված է դրանից, շատերի օրվա հացը կախված է դրանից»:

Ըստ Աշոտ Մանուչարյանի` Արևմուտքի երկրները վերահսկում են Կովկասում տեղի ունեցող քաղաքական գործընթացները: Այդպիսի օրինակ կարելի է համարել այն, որ նրանք չեն թողնում հարևան Ադրբեջանին բարեփոխումներ մտցնել, քանի որ նման երկրներում ավելի հեշտ է նավթի պաշարները տնօրինել: «Ո՞վ է իրական ընտրություններ կատարում Կովկասում, պետք է այս հարցին պատասխանել և հետո մտածել` ինչպես շտկել դրությունը: Պետք Արևմտյան թատրոնը վերջանա, որ սկսվի հայկականը»,-ասաց Աշոտ Մանուչարյանը:

«Հայաստանում դրված է մի մեծ փոշեկուլ, ավելի ճիշտ` հարստակուլ: Այդ նախարարները, պատգամավորները, օլիգարխները քաշում են դեպի իրենց այն, ինչ նախորդ սերունդները ստեղծել են, ինչ մեր քաղաքացիները ստեղծում են այլ երկրներում և ուղղարկում մեր երկիր, որպեսզի իրենց երեխաները կրթություն ստանան: Իշխանություն ունեցող մարդիկ այդ հավաքածով արտասահմանյան բանկերում հաշիվներ են բացում, սակայն գործարաններ այստեղ չեն ստեղծում այլ հովանավորում են արտասահմանի տնտեսությունը»,-ասաց Աշոտ Մանուչարյանը: