13 փետրվարի 2013 - 16:14 AMT
«Հրազդան» ՔԿՀ դատապարտյալը ասեղներ է մտցրել որովայնի մեջ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակից Հաբեթ Մարտիրոսյանը երեկ այցելել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Համլետ Ղազարյանին:

Ըստ մամուլում տարածված տեղեկատվության, դատապարտյալը, ի նշան «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի դեմ բողոքի, 29 ասեղ է մտցրել որովայնի մեջ և դեկտեմբերի 21-ից գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

Համլետ Ղազարյանը արագ արձագանքման բաժնի աշխատակցի հետ առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետը իրեն պարբերաբար խոշտանգել է, ծեծի է ենթարկել և քանիցս դրդել է ինքնասպանության, քանի որ Ղազարյանն ու նրա կինը նրա դեմ բողոքներ են գրել տարբեր վերադաս մարմիններին: Նա նաև հայտնել է, որ որ իրեն ստիպել են կեղծ ցուցմունքներ տալ տարիներ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնասպանություն գործած դատապարտյալի դեմ:

Իր բողոքի կապակցությամբ դատապարտյալը դիմում է ներկայացրել Պաշտպանին:

Երեկ այցելության պահին դատապարտյալի որովայնի շրջանում դեռևս 3 ասեղ է եղել: Ըստ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղեկանքի, դատապարտյալը դեռ չի համաձայնվում հանել վերջին 3 ասեղները` նշելով որ հոգեպես լարված է և պատրաստ չէ վիրահատության:

Դատապարտյալ Համլետ Ղազարյանի դիմումը գտնվում է Պաշտպանի ուշադրության կենտրոնում: Դատապարտյալի խնդրի կապակցությամբ համապատասխան գրություններ կպատրաստվեն և կուղարկվեն իրավասու մարմիններին: