13 փետրվարի 2013 - 17:09 AMT
Ռուսաստանի և Վրաստանի խորհրդարանականները կապեր են հաստատում

Ռուսաստանի և Վրաստանի խորհրդարանականները ապրիլին ոչ պաշտոնական աշխատանքային խումբ կստեղծեն հարաբերությունների բարելավման հարցերով: Այդ մասին հայտարարել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը: Նա ասել է, որ Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի կարգավիճակի մասին բանակցությունները խմբից դուրս կլինեն:

Անդրադառնալով Թբիլիսիի հետ հարաբերությունների հեռանկարներին՝ Պուշկովը պարզաբանել է, որ «այստեղ շատ մեծ ակնկալիքներն ավելորդ են, սակայն նվազեցնել դրանք ևս պետք չէ»: «Մենք կարող ենք առաջխաղացում ունենալ մարդկային շփումների, կանոնավոր օդային հաղորդակցության, երկաթուղային հաղորդակցության վերականգնման ոլորտներում»,-ասել է Պուշկովը, հայտնում է «Գոլոս Ռոսիին»: