Քաղաքացիները, ովքեր հայտարարություններ կփակցնեն ոչ սահմանված վայրերում, կտուգանվեն

Քաղաքացիները, ովքեր հայտարարություններ կփակցնեն ոչ սահմանված վայրերում, կտուգանվեն

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը 2012 թվականին ոլորտի համար ձեռքբերում է համարում ոլորտի կարգավորման նպաստավոր օրենսդրական դաշտի ձևավորումը։ Ըստ նրա՝ Գովազդի մասին ՀՀ օրենքում փոփոխությունները անպարտաճանաչ գովազդատուների նկատմամբ վարչական տուգանք կիրառելու լիազորություններ են ընձեռել Երևանի քաղաքապետին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատել է, որ տնտեսվարողներից զատ, տուգանվելու են նաև անբարեխիղճ քաղաքացիները, ովքեր հայտարարություններ ու թերթիկներ կփակցնեն ոչ սահմանված վայրերում՝ էլեկտրասյուներին ու շենքերի արտաքին պատերին և այլն: 2012 թվականից Երևանի քաղաքապետարանը հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցանակներ է տեղադրում մարդաշատ վայրերում։

«Կոչ եմ անում նման քայլի չդիմել։ Չթույլատրված տեղերում փակցրած յուրաքանչյուր հայտի համար քաղաքացին կտուգանվի նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով։ Մենք ստիպված ենք նման խիստ քայլի դիմել, որպեսզի մեր քաղաքը մաքուր պահենք»,- ասել է Արազ Բաղդասարյանը։

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը 2012 թվականին կատարած աշխատանքներից հատկանշել է նաև ոչ արդիական գովազդների, մասնավորապես դեռևս ԽՍՀՄ տարիներից շենքերի տանիքներում տեղադրված գովազդային ու զանազան կոչերով մետաղական կոնստրուկցիաների ապամոնտաժումը։

Նա տեղեկացրել է, որ 2013 թվականի շարունակվելու է քաղաքային ֆորմատին համապատասխանող գովազդային միջոցների տեղադրման, ինչպես նաև գովազդային մեծ միջոցները ավելի փոքրերով փոխարինելու ծրագիրը՝ ներառելով նորարարական մոտեցումներ ու մտահղացումներ։

«Այն գովազդային միջոցները, որ տարիներ շարունակ տեղադրված են եղել (խոսքը մեծ չափերի գովազդային վահանակների մասին է) արդեն աստիճանաբար պետք է փոխարինվեն քաղաքային ֆորմատին համապատասխանող փոքր չափերի գովազդային միջոցներով, վահանակներով։ Սկսվել է բանակցային գործընթացը գովազդային վահանակները տնօրինող ընկերությունների հետ։ Առաջարկվող տարբերակներից են, օրինակ, էլեկտրոնային գովազդային միջոցները՝ գլանաձև և այլն, քաղաքի կահավորման տարբեր գործնական կիրառում ունեցող պարագաները, ինչպես ժամացույցները, նստարանները, կանգառասրահները և այլն»,- ասել է Արազ Բաղդասարյանը։ Որպես արդիական գովազդային միջոցի օրինակ վարչության պետը մատնանշել է նաև »Երևանյան ազդարար» անունը կրող հատուկ կրիչները, որոնք մշակութային միջոցառումների ծանուցման համար են նախատեսված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---