10 սեպտեմբերի 2005 - 08:50 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ռընե Վան Դեր Լինդենի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին առնչվող խնդիրներ: ԵԽԽՎ նախագահը կարւորեց լայն քարոզչական աշխատանքների իրականացումը մինչեւ հանրաքվեն ընկած ժամանակաշրջանում եւ բարեփոխումների արդյունավետ իրականացումը: Նյու-Յորք կատարած այցի շրջանակում Ա.Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ նաեւ Չեխիայի խորհրդարանի նախագահ Լյուբոմիր Զաորալեկի, Շվեյցարիայի խորհրդարանի նախագահ Թերեզ Մեյերի, Ճապոնիայի խորհրդարանի նախագահ Չիկագե Օոգիի, Բրազիլիայի խորհրդարանի նախագահ Ժոզե Սեվերինո Կավալկանտիի եւ Հորդանանի խորհրդարանի նախագահ Աբդուլլահ Մաջալիի հետ: Պայմանավորվածություններ ձեռքբերվեցին հաստատելու միջխորհրդարանական կապեր այդ երկրների հետ: Արթուր Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ այս երկրների հետ խորհրդարանական կապերի հաստատումը կարող է մեծապես նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը տարբեր բնագավառներում, ինչպես նաեւ նպաստել Հայաստանին վերաբերվող խնդիրների ճիշտ ընկալմանը եւ միջազգային համագործակցությանը: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Քրիստոֆիասի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց Լառնակայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրելու մասին: Նյույորքյան հանդիպումներից հետո Արթուր Բաղդասարյանը վերադարձավ Երեւան: