Շներին բակերում հրազենով ոչնչացնում են. Կենդանասերների բաց նամակը ոստիկանապետին

Շներին բակերում հրազենով ոչնչացնում են. Կենդանասերների բաց նամակը ոստիկանապետին

PanARMENIAN.Net - «Փրկենք Կենդանիներին» ՀԿ-ն և Կենդանիների Պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ն` բազմաթիվ քաղաքացիների անունից բաց նամակ են հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որով մտահոգություն ու դժգոհություն են հայտնում Երևանում թափառող կենդանիների դեմ կիրառվող պայքարի միջոցների վերաբերյալ:

«Մենք բազմիցս ականատես ենք եղել կենդանիների ոչնչացմանը հրազենի կիրառմամբ քաղաքի բակերում: Շատերի համար արդեն սովորական երևույթ է դարձել գիշերը քնից արթնանալ կրակոցների և վիրավոր շան կաղկանձի ձայներից և պատուհաններից ականատեղ լինել այդ արյունալի տեսարաններին սեփական բակում: Բազմիցս զանգահարելով ոստիկանություն` հերթապահ բաժնին, հայտնել ենք կատարվածի մասին, սակայն մշտականապես մեր հայտարարությունները մերժվել են` ասելով, թե իրենք տեղյակ են, և կա ինչ-որ քաղաքապետարանի կամ թաղապետարանի որոշում: Սակայն երբևիցե և ոչ մի հերթապահ ոստիկան չի կարողացել հայտնել այդ որոշումների համարները, ընդունող անձի անունը և այլ տեղեկություններ: Ավելին, նրանցից ոչ մեկը անձամբ չի տեսել այդ որոշումը, որի վրա և հղում է կատարում:

Երևանի քաղաքապետարանի կարիքների համար թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ մատուցում է միայն

«Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ն, որը ընտրվում է ամենամյա մրցույթում: Մրցույթի պայմաններով նախատեսված չէ հրազենի կիրառում, ինչը և բնական է, քանզի դա կհակասեր մի շարք օրենքների պահանջներին, մասնավորապես * Զենքի մասին ՀՀ Օրենքի 24 հոդվածի այն է `մեջբերում. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օրինական հիմքով իրենց մոտ գտնվող զենքը կարող են գործադրել կյանքի, առողջության և սեփականության պաշտպանության համար միայն անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,

* Որս եվ որսորդական տնտեսության վարման մասին ՀՀ օրենքի 21.1 հոդվածի 5 կետի այն է ` մեջբերում. «Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է որս իրականացնել` բնակավայրերին, հանգստի գոտիներին և ավտո մայրուղիներին մոտ տարածքներում` որսորդական ակոսավոր հրազենով, ոչ պակաս, քան 5000 մետր, իսկ ողորկափող հրազենով` 500 մետր հեռավորությունից.» ,

* ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 92 հոդվածի այն է ` մեջբերում.«Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը» :

Այսպիսով` թեև թե Երևանի քաղաքապետարանը, թե քաղաքապետարանի պատվերը կատարող Յունիգրաֆ Իքս ՍՊԸ-ն մշտականապես հերքում են այս փաստը, այնուամենայնիվ նրանք իրենց գործունեությունը իրականացնում են հրազենի կիրառմամբ քաղաքի պայմաններում, անմիջականորեն շներին գնդակահարելով հենց բակերում, ինչին կան բազմաթիվ ականատեսներ և հաստատվում է ՀՀ ոստիկանության կողմից, ինչի հետևանքով վտանգի է ենթարկվել Երևանի բնակիչների կյանքը և առողջությունը:

Փաստացի՝ չունենալով որևիցե իրավական հիմքեր հերթապահ ոստիկանները մերժում են քաղաքացու հայտարարությունը հանցագործության մասին և նպաստում դրա շարունակական բնույթ կրելուն:

Այս ամենում կա 2 անհերքելի փաստ: Առաջինն այն է, որ շներին կրակում են հրազենով, և երկրորդը, որ կողմերից մեկը ակնհայտ ստում է` կամ քաղաքապետարանը, կամ ոստիկանությունը: Իսկ հարցերը շատ ավելին են. Ինչպե՞ս ընդունենք հերթապահ ոստիկանների դիրքորոշումը, որոնք մեկ մարդու պես նույն բանն են ասում: Միտումնավոր սու՞տ, թե՞ մասնագիտական ոչ կոմպետենտություն: Արդյո՞ք ՀՀ ոստիկանությունը նույնիսկ այս չնչին հարցում ունակ չէ ապահովել քաղաքացու անվտանգությունն ու անդորրը: Գուցե՞ մենք ինքներս փորձենք դրանք ապահովել մեր ուժերով»,- ասված է բաց նամակում:

Ակտիվիստները հայցում են ոստիկանապետի ուշադրությունը վերը նշված հանգամանքներին և համապատասխան ընթացք տալուն նամակին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---