14 փետրվարի 2013 - 15:12 AMT
Սարկոզին կարող է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում 2017 թվականին

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, որը 2012թ. նախագահական ընտրություններում զիջեց սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին, կարող է կրկին առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում 2017 թվականին, գտնում է Սարկոզիի մերձավորներից մեկը, նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մենք շփվում ենք հեռախոսով, ես տեսնում եմ, որ նա ուշադիր հետևում է քաղաքականությանը»,-ասել է Ժյուպեն: Ըստ նախկին վարչապետի, նախկին նախագահը մտադիր է մասնակցել 2017 ընտրություններին:

Նախօրեին, Սարկոզիի կինը՝ Կառլա Բրունին ասել էր, որ չի կարծում, թե նա կրկին կառաջադրի իր թեկնածությունը: Ըստ նրա, 2017թ. պայքարը կծավալվի Օլանդի ու ծայրահեղ աջ Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լե Պենի միջև: