14 փետրվարի 2013 - 14:23 AMT
ԱՊՀ դիտորդները շարունակում են այցելել ընտրատեղամասեր

ՀՀ նախագահի ընտրությունների ընտրարշավի դիտարկման շրջանակներում ԱՊՀ երկարաժամկետ դիտորդական առաքելության անդամները շարունակում են այցելել ընտրատեղամասեր: Նրանք ծանոթացել են Վայոց ձորի թիվ 39, Սյունիքի մարզի թիվ 37, Տավուշի մարզի թիվ 41, Գեղարքունիքի մարզի թիվ 23 տարածքային ընտրատեղամասերի հանձնաժողովների աշխատանքին: Այցելությունների ժամանակ դիտորդները ծանոթանում են հանձնաժողովների նիստերի արձանագրություններին, ընտրարշավին վերաբերող փաստաթղթերին, զրուցում են հանձնաժողովի անդամների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հայտնել ԱՊՀ դիտորդների առաքելության շտաբում:

Ինչպես և խորհրդարանական ընտրությունների ժամանակ, տեսողության սահմանափակումներով անձանց օգնելու նպատակով ԿԸՀ-ն, հիմնվելով Սահմանադրության վրա, հրապարակել է քվեարկության կարգի մասին ձեռնարկը: Քվեարկության կարգի ու ընթացքի մասին մանրամասն ու մատչելի տեղեկատվությունը զետեղված է նաև ԿԸՀ հատուկ կայքում հատուկ գունային գամմայով ու հատուկ տառատեսակով: ԸՕ սահմանված ժամկետում ոստիկանությունը ներկայացրել է ԿԸՀ-ին ընտրողների ռեգիստրի էլեկտրոնային տարբերալը, հետագայում ԿՀԸ կայքում զետեղելու նպատակով:

Իր գնահատականներն ու եզրակացությունները ԱՊՀ դիտորդական առաքելությունը կներկայացնի ընտրություններից հետո: