14 փետրվարի 2013 - 14:42 AMT
Վլադիմիր Հակոբյան. Կարծում եմ, որ ԵԱ պետք է հանդես գան երիտասարդները

Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիադայի եռակի չեմպիոն գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը կարծում է, որ այս տարվա Եվրոպայի թիմային առաջնությունում ավելի հարմար է, որ հանդես գան ավելի երիտասարդ շախմատիստները:

«Օլիմպիադան և աշխարհի առաջնությունն անհամեմատ ավելի բարձր կարգ ունեցող մրցաշարեր են: Մանավանդ, որ Եվրոպայի առաջնությունից 20 օր հետո էլ մեկնարկում է աշխարհի առաջնությունը, կարծում եմ, որ ավելի նպատակահարմար կլինի, որ հանդես գան երիտասարդները: Սա ընդամենն իմ կարծքին է, և մենք դեռ կհավաքվենք ու կորոշենք ամեն ինչ»,- ասաց Հակոբյանը:

Ըստ նրա, Հայաստանում կան երիտասարդ տաղանդավոր շախմատիստներ, սակայն քիչ հավանական է, որ այսօրվա ազգային հավաքականի նման երկրորդը լինի:

«Մեր այսօրվա թիմը շատ ուժեղ է: Դժվար է գտնել մի հավաքական, որի բոլոր տախտակներն էլ այդքան ուժեղ լինեն: Մենք ճիշտ ժամանակին ճիշտ տղաներով հավաքվել ենք մի տեղում»,- անկեղծացավ գրոսմայստերը:

Հակոբյանն այս տարի պլանավորում է հանդես գալ ապրիլին Դուբայում կայանալիք ավանդական մրցաշարում, մայիսին` Եվրոպայի անհատական առաջնությանը, իսկ օգոստոսին` Աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կկայանա Նորվեգիայում և կընթանա նոկաուտ համակարգով: