13 սեպտեմբերի 2005 - 07:42 AMT
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետեւելու է ամենամյա հայ-ռուսական համատեղ ռազմատեխնիկական զորավարժությունների եզրափակիչ փուլին, որն անցկացվելու է այսօր Հայաստանի Արմավիրի շրջանի մարշալ Բաղրամյանի անվան հրաձգարանում: Դա Հայաստանի տարածքում հաշվով տասներորդ հայ-ռուսական զորավարժություններն են: Զորավարժությունները կդիտի նաեւ Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Պոպովը: Հրաձգարանում արդեն պատրաստվում են հրաձգության, որին հայկական կողմից մասնակցում է ուժեղացված մոտոհրաձգային գունդը, իսկ ռուսաստանյան կողմից` Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի զինծառայողները եւ տեխնիկան: Զորավարժություններին կմասնակցի ավիացիան: Զորավարժությունների սցենարը նախատեսում է պայմանական հակառակորդի գրոհի անդրադարձում, նրա մասերի հետագա ոչնչացում: Զորավարժությունների նպատակն է` հայկական եւ ռուսական միավորումների միջեւ փոխգործակցության մշակումը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: