14 փետրվարի 2013 - 15:07 AMT
Հայրիկայնի մահափորձը. Կասկածյալի զոքանչը մեղադրում է էպոսագետին, էպոսագետը` մասոններին և Ր.Հովհաննիսյանին

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն, իր խոսքով, բավարար հիմքեր ունի պնդելու համար, որ մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը կազմակերպվել է մասոնական կազմակերպության միջոցով: Ավելին` այդ կազմակերպությունը ինչ-որ ամերիկյան կազմակերպության մաս է կազմում, որի հետ կապ ունեն նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հայրը:

«Գուցե Հովհաննիսյանը չի իմացել, բայց այն ուժերը, որ իրեն սատարում և ֆինանսավորում են, հաստատ իրենց գործն է: Հայրիկյանը, դատելով իր քարոզարշավին արտահայտած մտքերից, այդ կրակոցից առաջ հաղորդման ժամանակ պատահաբար չէր խոսում, որ եթե թեկնածուներից մեկի համար ստեղծվեն խոչընդոտներ, ապա ամբողջ ընտրական ընթացքը համարվում է անվավեր, իսկ որտեղի՞ց նա այդ ամենը գիտեր»,- այսօր լրագրողների հետ հանսիպման ժամանակ հատարարեց Վարդան Սեդրակյանը:

Թե ինչ կապ ունի ինքը` Վարդան Սեդրակյանն այս ամենի հետ, նա նշեց` հենց քարոզարշավի սկզբից ակնհայտ էր, որ կա մի թեկնածու, որն առաջնորդվում էր ազգային գաղափարախոսութամբ ու «սկզբնական շրջանում մեծն սոցիոլոգը նույնիսկ իր հարցումներում իմ անունը չէր ներառում»: Սեդրակյանի խոսքով՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այդ ամենը միամիտ չէր անում, նա հորդորեց սոցիոլոգին հարցնել, թե անցյալ տարի ամռանը, երբ Հայաստանում էին մասոնները, ովքեր էին ներկա այդ ժողովներին:

Մինչ Վարդան Սեդրակյանը Հայրիկյանի մահափորձի մեջ մեղադրում է մասոններին ու Րաֆֆի Հովհաննիսյանին, Հայրիկյանի մահափորձի գործով ձերբակալված Խաչատուր Պողոսյանի զոքանչը հայտարարում է, որ մահափորձը էպոսագետ-թեկնածուն է պատվիրել:

«Հիմա Վարդան Սեդրակյանը փրփուրներից է կախվում և Խաչիկին է վարկաբեկում, ասում է, թե Խաչիկը սա է, նա է: Այո, Խաչիկը ամեն ինչ է, բայց ոչ մարդասպան: Դա քո ձեռագիրն է, Վարդան Սեդրակյան, դու ես պատվիրատուն»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասել է ձերբակալվածի զոքանչը: Վարդան Սեդրակյանը, սակայն, չի ցանկացել մեկնաբանել այդ խոսքերը. «Ես ինչ-որ մեկի հարազատների ասածը չեմ մեկնաբանում, դրա համար կա համապատասխան ծառայություն»: