13 սեպտեմբերի 2005 - 08:27 AMT
ԱՄՆ ՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԲԱՔՎԻ ԶԻՆՎԱԾ ԱԳՐԵՍԻԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ԱՄՆ հայ երիտասարդության ավելի քան 150 ներկայացուցիչ օրերս ցույց են կազմակերպել Վաշինգթոնում Ադրբեջանի դեսպանության շենքի առաջ` կոչ անելով դադարեցնել Ադրբեջանի զինված ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, նման ակցիայով, ի դեմս ԱՄՆ հայ երիտասարդական ֆեդերացիայի, հայ համայնքի երիտասարդ սերունդը ձգտել է հասարակայնության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահպանված սպառնալիքին, որոնք զինված ուղիով փորձում են ճնշել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Մեկ ժամից ավելի բողոքի ակցիայի մասնակիցները քայլել են դեսպանության շենքի առաջ` «Ինքնորոշումը հավասարազոր է մարդու իրավունքների պաշտպանմանը», «Ո'չ արյանը` նավթի համար», եւ «Ալիե'ւ, դադարեցրու սպառնալ պատերազմով» կարգախոսներով: