14 փետրվարի 2013 - 15:28 AMT
Հայաստանի ՔԿՀ-ներում պատիժ կրող անչափահաս աղջիկ չկա

2012 թվականին գրանցվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների կտրուկ նվազում: 2011-ի համեմատ թիվը նվազել է 114-ով: Անչափահասները հիմնականում դատարանում հայտնվել են գողությունների պատճառով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը`ամփոփելով 2012-ին կատարված աշխատանքները: Ինչպես նշեց նա`աշխատանքներ են կազմակերպվել բոլոր այն հաստատություններում, որտեղ կան երեխաներ`հիմնականում ուսումնական հաստատություններում, մանկատներում, որտեղ տարբեր բնույթի զրույցներ են ունեցել հաշվառման մեջ եղած երեխաների հետ:

«Այս հանդիպումները բավականին ազդեցիկ էին, երեխաների հետ տարված հսկայական կանխարգելիչ աշխատանքների արդյունքում այս տարի հանցագործությունների թիվը նվազել է»,-ասաց Դուրյանը: Վերջինիս խոսքով` կրկնահանցագործություններ գրեթե չեն գրանցվել: Աղջիկների կողմից կատարված հանցագործությունները շատ չնչին տոկոս են կազմում, իսկ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անչափահաս աղջիկ չկա: «Պետք է լուծել երեխայի զբաղվածության հարցը: Վատ շրջապատում երեխան հայտնվում է ծնողների անուշադրության պատճառով»,-հավելեց Դուրյանը: