14 փետրվարի 2013 - 15:53 AMT
Էպոսագետի` Ր.Հովհաննիսյանին ուղղված մեղադրանքներին «պատասխանում է» հրեշտակապետը

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի հայտարարությանը, թե թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կապ ունի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի պատվիրատուների հետ, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը լուրջ մեկնաբանություն տալ չի կարող:

«Ես անձամբ կապվել եմ Գաբրիել հրեշտակապետի հետ, և նա ինձ տեղեկացրել է, որ տիեզերքը որևէ նման բան էպոսագետին չի հաղորդել: Քանի որ տիեզերքը չի իրեն հաղորդել, ինչպես իր հետ կապված մյուս դեպքերում, ապա այս դեպքում իրեն ուղղորդել են ինչ-ինչ ուժեր: Մյուս մեր կապը Միքայել հրեշտակապետի հետ էր, ով ասեց, որ այդ ուժերը, որոնք այսօր շատ մտահոգված են Րաֆֆի Հովհաննիսյանի մոտալուտ հաղթանակով, և որոնք ուղղորդում են այդ անձնավորությանը, այդ ուժերը փետրվարի 18-ից հետո թող սպասեն հրեշտակապետին, որ գալու է իրենց հետևից»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովսեփ Խուրշուդյանը:

Էպոսագետ-թեկնածուի հայտարարությանն է անդրադարձել նաև «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: «Ժողովուրդն այնքան ծիծաղեց ընտրություններն անլրջացնող այս երևույթի վրա, որ նա որոշեց ավելի հեռուն գնալ ու կոմեդիան վերածել տրագեդիայի (հենց իր համար): Երևի չի գիտակցում իր իսկ շուրջ հյուսած խաղի լրջությունը: Րաֆֆի Հովհաննիսյանի կապակցությամբ բացահայտ զրպարտչական հայտարարոթյուններով նա առավել քան ակնհայտ է դարձնում, թե ում դեմ է առաջադրված ինքը և ինչ նպատակներով` Րաֆֆիին «կապել» Արևմուտքի հետ ու այս սուտը կրկնել օրը 10 անգամ: Մեղավոր ենք բոլորով, որ մինչև հիմա չենք պարզել, թե նա ում հաճախորդն է, և ով է նրան տվել 8 մլն դրամ նախընտրական գրավ, և Աստված գիտե թե որքան էլ` քարոզչության ու ինչքան էլ` իր «դերը» խաղալու համար: Զավեշտը` զավեշտ, բայց Հայրիկյանի դեմ մահափորձի գործով մեղադրվող թմրամոլները, որ էպոսագետի տան կաֆելչիկ-մետլախչիկ-պրարաբն են եղել, հավանաբար նրան պատմել են իրենց ու մասոնների կապի մասին, ինչի մասին Վարդանը գիտի: Լավ չի ստացվում, բայց քանի որ նրանք աշխատել են էպոսագետի տանը, ստացվում է, որ մասոններ են Վարդանի տունը սարքել: Իսկ առանց կատակի, դրան կամ պետք է դատել կամ որպես իմացող-չհայտնող (եթե ինքնակամ չներկայանա ԱԱԾ ու Ոստիկանություն), կամ վերջիններս պետք է անհապաղ կանչեն հարցաքննության: Սպասենք-տեսնենք, թե այս մի լակմուսի թուղթը ինչ ցույց կտա»,- գրել է Ստյոպա Սաֆարյանը:

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վարդան Սեդրակյանն հայտարարել էր, որ բավարար հիմքեր ունի պնդելու համար, որ մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը կազմակերպվել է մասոնական կազմակերպության միջոցով: Ավելին` այդ կազմակերպությունը ինչ-որ ամերիկյան կազմակերպության մաս է կազմում, որի հետ կապ ունեն նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հայրը: «Գուցե Հովհաննիսյանը չի իմացել, բայց այն ուժերը, որ իրեն սատարում և ֆինանսավորում են, հաստատ իրենց գործն է: