13 սեպտեմբերի 2005 - 08:35 AMT
ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«Հայ-ռուսաստանյան ռազմական համագործակցության զարգացման ճանապարհին որեւէ խոչընդոտ չկա»,- հայտարարել է լրագրողներին Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, երկրի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը մասնակցում է մարշալ Բաղրամյանի անվան հրաձգարանում անցկացվող հայ-ռուսաստանյան ռազմատեխնիկական զորավարժությունների եզրափակիչ փուլին: Նախարարն ավելացրել է նաեւ, որ այդ հարցերում չի դիտվում որեւէ թերիմացություն: «Հայ-ռուսաստանյան ռազմական համագործակցության մակարդակը ես գնահատում եմ դրական, որի հիմնական ցուցանիշն այսօր անցկացվող հայ-ռուսաստանյան համատեղ զորավարժություններն են եւ դրանց արդյունավետությունը»,- ընդգծել է նա: Իր հերթին, զորավարժությունները դիտող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ համատեղ զորավարժություններն անցել են հաջող` «կարեւորը պայթող ռումբերի տպավորությունը չէ, այլ երկու երկրների ԶՈՒ փոխգործակցության արդյունավետությունը»,- նշել է Բորդյուժան: Ընդ որում, նրա խոսքերով` միշտ կա համատեղ գործունեության ընդլայնման դաշտ: «Ցանկալի կլիներ, որպեսզի հաջորդ զորավարժություններին ներգրավվեն նաեւ հակաահաբեկչական խնդիրների մշակման հարցերով հատուկ նշանակման ջոկատները»,-եզրափակել է նա, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: