14 փետրվարի 2013 - 16:37 AMT
«Ընտանեկան բռնության մասին» օրենքը՝ օդից կախ. Մարտի 1-ին ցույց կլինի

Ընտանեկան բռնությունն արդիական և լուրջ հիմնախնդիր է Հայաստանում, որը թողնում է բացասական ազդեցություն մեր հասարակության, հատկապես կանանց և երեխաների վրա: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը: «ԿԻԿ-ը արդեն 15 տարի աշխատում է ոլորտում: Կան պատճառներ, որ մեզ դրդում են օրենքի մասին մտածել: Օրենքը գրվել է 2005-2006 թվականներին, բայց Ազգային ժողովի կողմից մերժվել է»,-ասաց Սուսաննա Վարդանյանը: Միայն անցած տարվա ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով հինգ կին է մահացել, առանց մայրական խնամքի է մնացել 12 մանկահասակ երեխա:

«2012-ին 2832 զանգ է եղել թեժ գծին, որից 1845-ը եղել են ընտանեկան բռնության դեպքեր: Շատ կանայք չեն բողոքում, նրանք մտածում են, որ այդպես էլ պետք է լինի»,- ասաց Կանանց աջակցման կենտրոնի տնօրեն Մարո Մաթոսյանը: «Մի քանի տարիների ընթացքում ՀՀ սոցիալական հարցերի, Արդարադատության նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչները, միջազգային կազմակերպությունները և տեղական ՀԿ-ները կատարել են խորհրդատվական աշխատանքներ` ուսումանսիրելով և մշակելով «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը: «Հիմք ընդունելով կառավարության ներկայացուցիչների բազմաթիվ հավաստիացումները` մենք ակնկալում էինք, որ օրինագիծը կառավարության կողմից անհրաժեշտ վերանայման կենթարկվեր, կառուցողական առաջարկներ կարվեին, որպեսզի օրինագիծը ներկայացվեր Ազգային ժողովի հաստատմանը»,-ասաց ասուլիսի մյուս բանախոսը՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրենի տնօրեն Լարա Ահարոնյանը և հավելեց, որ այս խնդրով հետաքրքրված են ոչ միայն Երևանում այլ նաև մարզերում և Սփյուռքում:

Մարո Մաթոսյանն ասաց, որ մարտի 1-ին պատրաստվում են կառավարության շենքի մոտ ցույց անել: