14 փետրվարի 2013 - 17:08 AMT
Աղասի Արաբյան. Սահակաշվիլիի քաղաքականության «շնորհիվ» Վրաստանը խճճվել է թուրքական էքսպանսիայի սարդոստայնում

«Մի՞թե Միխայիլ Սահակաշվիլին չի հոգնել հայերի մեջ թշնամի որոնելուց, նրանց որպես վրաց ժողովրդի թշնամի ներկայացնելուց: Հանգստացեք, հայերը այնքան են ստիպված եղել պատերազմել բազմադարյա պատմության ընթացքում, որ խաղաղություն են ուզում իրենց և իրենց բարեկամների համար: Ցանկալի է հավատալ, որ Բիձինա Իվանիշվիլին դա ավելի լավ է հասկանում, քան նախկին իշխանությունները»,-հայտարարել է PanARMENIAN.Net-ին Ռուսաստանի ջավախահայերի միության նախագահ Աղասի Արաբյանը: Ըստ նրա, հարկավոր է ողջունել հայ-ռուս-վրացական միությունը, որը որքան ամրապնդվի, այնքան շուտ դուրս կմղի Վրաստանից անկուշտ զավթիչներին ի դեմս Թուրքիայի ու Ադրբեջանի:

«Սահակաշվիլիի քաղաքականության «շնորհիվ» Վրաստանը խճճվել է թուրքական էքսպանսիայի սարդոստայնում: Աջարիան փաստացի վերածվել է թուրքական գավառներից մեկի: Թուրքիան Վրաստանում չհիմնավորված բնապահպանական ու տնտեսական ծրագրեր է իրականացնում: Վրաստանում երեք օդանավակայան կա, որից երկուսը պատկանում է Թուրքիային: Ադրբեջանին է պատկանում Վրաստանի ավտոլցակայանների 80 տոկոսը, որով թելադրված են բենզինի բարձր գները: Քիչ չեն դեպքերը, երբ Թուրքիայից Վրաստան է ներկրվում ավանակի կամ ձիու միս տավարի մսի անվան տակ: Առևանգում են երիտասարդ վրացի աղջիկներին՝ ստիպելով նրանց մարմնավաճառությամբ զբաղվել թուրքական հասարակաց տներում: Ցուցակը կարելի է շարունակել, բայց իմաստ չկա, վրացիներն իրենք էլ լավ գիտեն դա և հետաևաբար պետք է ճիշտ ընտրություն անեն»,-ասել է Արաբյանը: