13 սեպտեմբերի 2005 - 08:59 AMT
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԸՆԴՈՒՆԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ ՄԵԿՆԱԾ ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂԸ
ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական, Ամերիկա-թուրքական խորհրդի (ATC) նախագահ Բրենտ Սկոուքրոֆթը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթին հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումից, տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը: Իր ուղերձում Սկոուքրոֆթը, մասնավորապես, նշել է, որ «լրջորեն մտահոգված է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկման ծրագրերի կապակցությամբ»: Նրա խոսքերով` նման քննարկումը «հակակառուցողական կլինի ԱՄՆ շահերի տեսանկյունից»: ATC նախագահը հիշեցրել է, որ ֆրանսիական Սենատի կողմից նմանատիպ բանաձեւի ընդունումը «այդ երկրին արժեցավ 1 միլիարդ դոլար` չեղյալ պայմանագրերի եւ բաց թողնված բիզնես-հնարավորությունների տեսքով»: «Մենք վճռականորեն կոչ ենք անում Ձեզ ծանոթանալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակի հետ, որը նպատակ էր հետապնդում բարելավել երկկողմ հարաբերությունները եւ քննարկել ցավագին պատմական հարցերը: Չնայած նրան, որ Հայաստանի նախագահը մերժեց այդ առաջարկը, մենք աջակցում ենք վարչապետ Էրդողանին եւ նրա կառավարությանը` բաց երկխոսության նպատակով Հայաստանին ձեռք մեկնելու նրանց ձգտումներում: Թուրք-հայկական մերձեցումը ելնում է երկու երկրների շահերից, եւ ATC գտնում է, որ եկել է հաշտեցման ժամանակը: Մենք անկեղծ հույս ունենք, որ նախագահ Քոչարյանը եւ նրա կառավարությունը կօգտագործեն հնարավորությունը` վարչապետ Էրդողանի կողմից մեկնած ձիթենու ճյուղն ընդունելու համար», - նշվում է Բ. Սկոուքրոֆթի նամակում: