14 փետրվարի 2013 - 17:13 AMT
Լույս է տեսել Նժդեհի գրական երկերի ժողովածուն. Այն ներառում է 40 նորահայտ գործ

Նժդեհի կյանքը թեև անցավ մարտի դաշտերում և աքսորավայրերում, սակայն նա կարողացավ ստեղծել նաև գրական-գեղարվեստական ժառանգություն հետագա սերունդների համար: Այդ ժառանգությունը ամփոփվել է մեկ հատորում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Երևանի պետական համալսարանում: Գարեգին Նժդեհ «Գրական երկեր» գիրքը ներառում է Նժդեհի չափածո և արձակ գրվածքները, ասույթները, էպիգրամները և 40 նորահայտ գործեր, որոնք պահվում էին Սբ. Ղազար կղզում: Սա Նժդեհի 1903-1919 թվականների գրական ժառանգության ամենաամբողջական ժողովածուն է: Շնորհանդեսին ներկա էին պատմաբաններ, բանասերներ, բազմաթիվ ուսանողներ: Գրքի լույսընծայման առիթով զեկուցումով հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, ով թեև մատնանշեց գրքի մի քանի բացթողումները, բայց և ընդգծեց ժողովածուի բացառիկ նշանակությունը հայ ժողովրդի համար: «Սա ցույց կտա, թե ինչպես էր նա ձգտում հաղթահարել իր ներքին հակասությունները և երկպառակտությունները արտաքին աշխարհի հետ»,- նշեց Սամվել Մուրադյանը: Պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը նշեց, որ Նժդեհի ամբողջ արձակը բանաստեղծություններ են, ինչպես մեր ոսկեդարյան գրողների ստեղծագործությունները: «Ինչին ձեռք է տվել այդ ահռելի մարդը, նորություն է մտցրել»,-ասաց Ռաֆայել Համբարձումյանը, ով գրել է հատորի առաջաբանը և ծանոթագրությունները: Պատմաբանը անդրադարձավ նաև վերջերս էկրաններ բարձրացած Նժդեհի մասին պատմող ֆիլմին՝ անվանելով այն «խայտառակություն, որի նմանը հայ ազգը դեռ չէր տեսել»: Շնորհադեսը ամփոփվեց Նժդեհի ստեղծագործությունների ասմունքով: