Արցախում վերջին տարիներին աճել է հանքարդյունաբերության ոլորտում կապիտալ ներդրումների ծավալը

Արցախում վերջին տարիներին աճել է հանքարդյունաբերության ոլորտում կապիտալ ներդրումների ծավալը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանքարդյունաբերության ոլորտում 2012 թվականին իրականացված աշխատանքներին և 2013 թվականի անելիքներին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից: Աղբյուրը հայտնու է, որ համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Վազգեն Միքայելյանը, երկրաբանահետախուզական և լեռնահանքային ձեռնարկությունների ղեկավարները և պատասխանատու աշխատողներ:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտը Արցախի տնտեսության ամենաերիտասարդ, բայց ռազմավարական ու հեռանկարային ճյուղերից է, որն ունի խոստումնալից հնարավորություններ` դառնալու տնտեսության շարժիչ ուժն ու զբաղվածության կարևոր աղբյուրներից մեկը և արդեն իսկ ապահովում է արդյունաբերական արտադրանքի ու պետական բյուջեի ընդհանուր մուտքերի պատկառելի մասը: Ըստ երկրի ղեկավարի, վերջին տարիներին բավականին աճել են ոլորտում իրականացվող կապիտալ ներդրումների ծավալները` ինչպես պետական բյուջեի, այնպես էլ մասնավոր հատվածի հաշվին՝ կարևոր համարելով ոլորտում մենաշնորհային դրսևորումների բացակայությունը, ինչը խթանում է առողջ մրցակցությունը և տնտեսության դինամիկ զարգացումը: Նախագահը հատուկ ընդգծել է, որ հանքարդյունաբերության զարգացումը պետք է ընթանա բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության նորմերի խստիվ պաշտպանությամբ: Երկրի ղեկավարը շեշտել է, որ և ընդերքը, և բնությունը Արցախի հարստությունն են, և մեկի զարգացումը չպետք է լինի մյուսի հաշվին՝ հավելելով, որ ապագա սերունդներին պետք է թողնել առողջ շրջակա միջավայր և դինամիկ զարգացող տնտեսություն:

Բակո Սահակյանը անդրադարձել է նաև ոլորտում առկա խնդիրներին ու անելիքներին և համապատսխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, լեռնահանքային ոլորտի ներկայացուցիչներ, անվանի մասնագետներ Հայաստանից և արտերկրից, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---