16 փետրվարի 2013 - 10:09 AMT
ԼՂՀ-ում 1 մլրդ 629 մլն դրամ է ուղղելու դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցելուն, վերանորոգելուն

Այս տարի ԼՂՀ կապիտալ շինարարության ծրագրով կրթության ոլորտին կուղղվի շուրջ 1 միլիարդ 629 մլն դրամ, որով աշխատանքներ կիրականացվեն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության տարբեր բնակավայրերում։ Այս մասին գրում է http://karabakh-open.info-ն:

Ստեփանակերտում նախատեսվում է ավարտին հասցնել ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնին հատկացված սենյակների մասնակի վերանորոգումը, թիվ 3 մանկապարտեզի շենքի վերակառուցման և կից մասնաշենքի կառուցման 1-ին և 2-րդ փուլերը։ Տարվա ընթացքում կբարեկարգվի թիվ 5 դպրոցի շենքի տարածքը, կսկսվի մարզադաշտի կառուցումը, ինչպես նաև թիվ 1 մանկապարտեզի շենքի վերանորոգումն ու գույքի ձեռքբերումը։

Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղում ավարտին կհասցվի տարրական դպրոցի շենքի կառուցումը, իսկ շրջանի Աստղաշեն գյուղում դպրոցի շենքի կառուցման աշխատանքները կշարունակվեն։ Ավետարանոց գյուղում 50-տեղանոց մանկապարտեզի շենքի հիմքը կդրվի։

Մարտակերտի շրջանում կավարտվի Հարությունագոմեր գյուղի մանկապարտեզի շենքի կառուցումը, Մարտակերտ քաղաքի թիվ 2 դպրոցի արտաքին սանհանգույցի կառուցումը։ Կշարունակվի Թալիշ գյուղի դպրոցի շենքի վերակառուցումը, իսկ շրջանի Վաղուհաս գյուղում կսկսի դպրոցի շենքի տարածքի բարեկարգումը։

Մարտունու շրջանում կշարունակվեն Ծովատեղ, Կարմիր Շուկա, Նորշեն գյուղերի դպրոցների շենքերի կառուցման ու Մարտունի քաղաքի թիվ 1 դպրոցի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները։

Տարվա ընթացքում կավարտվի Հադրութ քաղաքի թիվ 2, շրջանի Տումի գյուղի մանկապարտեզի շենքի կառուցումը, Դրախտիկ գյուղի մանկապարտեզի շենքի տարածքի բարեկարգումն ու արտաքին կոմունիկացիաների կառուցումը։ Կշարունակվեն Ազոխ, Ուխտաձոր Առաքել գյուղերի դպրոցների շենքերի շինարարական և վերանորոգման աշխատանքները։

Նախատեսվում է ավարտին հասցնել Շուշի քաղաքի Մուրացանի անվան դպրոցի շենքի մասնակի վերանորոգումը։ Շուշիում կսկսվեն Բեկոր Աշոտ փողոցում համալսարանի համար նախատեսված նախկին հանրակացարանի շենքի վերակառուցման և վերանորոգման, քաղաքի Եզնիկ Մոզյանի անվան մասնագիտական դպրոցի շենքի արտաքին կոյուղագծերի և դրենաժային համակարգի կառուցման առաջին փուլի աշխատանքները։

Շահումյանի շրջանում կավարտվի Քարվաճառ քաղաքի հին դպրոցի շենքի վերակառուցումը՝ վարչական մասնաշենքի։ Իսկ ահա Քարվաճառ քաղաքում կդրվի 50-տեղանոց մանկապարտեզի շենքի հիմքը։

Քաշաթաղի շրջանում կավարտվի Արտաշավի գյուղի դպրոցի շենքի կառուցումը, կշարունակվի Միջնավանի դպրոցի շենքի վերանորոգումը և Կովսականի մանկապարտեզի շենքի կառուցումը։