16 փետրվարի 2013 - 15:28 AMT
Ընտրախախտումների վերաբերյալ այս պահին քննարկման փուլում է գտնվում 45 գործ

ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով, փետրվարի 16-ի դրությամբ, քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 45 դեպք, որից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 2 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 7 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 36 դեպքերով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, իսկ 1 դեպքով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է տարածքային դատախազություն` քննարկման:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 15-ին համացանցում զետեղված «Շիրակացու փողոցի թիվ 75/ա շենքի բնակիչներին ընտրակաշառքներ են բաժանվում» հրապարակման մեջ մատնանշված տեղեկությունները ստուգելու նպատակով ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Փետրվարի 15-ին համացանցում զետեղված «Ղանդիլյան և Մուսաելյան փողոցների բնակիչներին 5000 դրամ ընտրակաշառք են բաժանում» հոդվածում նշված փաստերի հիման վրա ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Փետրվարի 15-ին համացանցում զետեղված «ՀՀԿ կամավորների կողմից կեսգիշերին 5000 դրամ ընտրակաշառքներ են բաժանվում» հոդվածում նշված փաստերը ստուգելու նպատակով ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: