16 սեպտեմբերի 2005 - 09:12 AMT
Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 60-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու-Յորքում գտնվող Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախօրեին հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ երկուստեք բարձր է գնահատվել առկա բարիդրացիական հարաբերությունները երկու երկրների միջեւ, որոնք խարսխված են դարավոր բարեկամության վրա: Ա. Մարգարյանը նշել է, որ քաղաքական խնդիրներ Հայաստանի եւ Իրանի միջեւ չկան, իսկ տնտեսական հարաբերությունները զարգանում են, ինչի մասին է վկայում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը: Նա կարեւորել է հայ-իրանական տնտեսական ծրագրերի բարեհաջող ընթացքը, որն առավել եւս կխթանի երկկողմ հարաբերությունների ընդլայնումը: ՀՀ վարչապետը շեշտել է, որ Հայաստանի անկախացումից հետո Իրանի վարած հավասարակշռված քաղաքականությունն էական դեր է խաղացել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության պահպանման գործում եւ խիստ կարեւոր է, որ այդ քաղաքականությունը շարունակվի: Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայնտնել նաեւ իրանահայ համայքնի նկատմամբ Իրանի իշխանությունների դրսեւորած վերաբերմունքի համար եւ արձանագրել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում այն իր նշանակալից դերն է ունեցել: Իր հերթին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը նշել է, որ հարեւանների, հատկապես` Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը բխում է Իրանի քաղաքական ուղեգծից: Նա եւս կարեւորել է երկու երկրների միջեւ առկա տնտեսական ծրագրերի հետեւողական իրականացումը, ինչին հետամուտ է լինելու որպես նորընտիր նախագահ: