16 սեպտեմբերի 2005 - 09:36 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՎԱՏ ԵՆ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ՄԻՄՅԱՆՑ ՄԱՍԻՆ
Այսօր «Armenia EXPO 2005» էքսպո համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ամերիկյան միջազգային «Տարածաշրջանային համագործակցություն» տնտեսական ծրագրի շնորհահանդեսը, որը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կից առեւտրի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Փելեթրոուն: Նրա խոսքերով, ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ մեծ չէ: Այսօրվա դրությամբ ԱՄՆ 2 անգամ ավելի շատ ապրանք է արտահանում Հայաստան, քան Հայաստանը` ԱՄՆ, սակայն այդ ծավալը չի գերազանցում 100 հազար դոլարը: Պատճառը նրանում է, որ Հայաստանի եւ ԱՄՆ գործարար շրջանակները քիչ են տեղեկացված միմյանց մասին, եւ այդ պատճառով ծրագրի նպատակն է` աջակցել հայ գործարարներին, որոնք ցանկանում են գործակցել ԱՄՆ-ի հետ, ինչպես նաեւ հայկական շուկայով շահագրգռված ամերիկացի գործարարներին նման տեղեկատվություն ստանալու հարցում: Է.Փելեթրոուն նշել է նաեւ հայկական մանածագործական արդյունաբերության ակտիվ գործունեությունը, որի արտադրանքը արտահանվում է ԱՄՆ: Է.Փելեթրոուն նշել է նաեւ CARD ծրագիրը, որի կազմակերպիչը ԱՄՆ գյուղատնտեսության պետդեպարտամենտն է, որը հաջողությամբ իրականցվում է Հայաստանում: Նա հաղորդել է նաեւ, որ հոկտեմբերի 15-16 Երեւանում տեղի կունենա «Մրցակցություն» համաժողովը, որի ընթացքում կքննարկվեն առեւտրի ոլորտում տարածաշրջանային համագործակցության զարգացման, ինչպես նաեւ առողջ մրցակցության հարցեր: Նա նաեւ նշել է Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների աճի եւ հայ-ամերիկյան գործարար կապերի խթանման անհրաժեշտությունը: