16 սեպտեմբերի 2005 - 12:54 AMT
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ` ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ Է
«Մեր հիմնական քաղաքական խնդիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է, եւ այդ հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ: Եթե Ադրբեջանը իր դրական վերաբերմունքը հայտնի տվյալ հարցի նկատմամբ, ապա մենք կարող ենք հանգիստ խոսել կարգավորման մյուս հարցերի մասին»: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը: Ընդսմին, ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ փախստականների հարցում պետք է պահպանվի համարժեքության սկզբունքը: «Այսօր ընթացող բանակցությունների մեծ թերությունն այն է, որ խոսելով ադրբեջանցի փախստականների մասին, երբեմն հիշատակվում է Շահումյանի եւ Գետաշենի փախստականների մասին, սակայն խոսքը երբեք չի գնում բազմաթիվ հայերի մասին, որոնք ստիպված էին հեռանալ Ադրբեջանից 1988-90 թվականների էթնիկ մաքրումների եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդումների արդյունքում: Դա բանակցությունների ամենամեծ բացթողումներից մեկն է: Տվյալ հարցում պետք է պահպանվի համարժեքություն: Համարժեքության սկզբունքը բանակցային գործընթացի հիմնական սկզբունքներից մեկը պետք է դառնա` համարժեքության հիման վրա կարելի կլինի խոսել շատ բաների մասին»,- ասել է Ա.Մելիքյանը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: