18 փետրվարի 2013 - 19:32 AMT
Արման Մելիքյանի շտաբ. Ընտրությունների արդյունքներն արդեն իսկ կեղծված են

Քիչ առաջ ԿԸՀ հրապարակել է ժամը 18.00 դրությամբ ընտրություններին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ հերթական միջանկյալ տվյալները, որոնց համաձայն ընտրություններին արդեն իսկ իրենց մասնակցությունն են բերել 1.259.374 ձայնի իրավունք ունեցող քաղաքացիներ:

«Սա նշանակում է, որ կանխատեսման համաձայն ընտրությունների արդյունքներն արդեն իսկ կեղծված են և այս իրողության անտեսումը «ընտրությունների» արդյունքները ճանաչելու պատրաստակամ ՀՀ քաղաքացիներին, քաղաքական ուժերին, նախագահի թեկնածուներին մեղսակից կդարձնեն այս անօրինականությանը` քաղաքացիներից ազատ կամարտահայտման միջոցով իշխանություն ձևավորելու իրավունքի հերթական բռնազավթմանը»,- հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի շտաբը:

Այն հատուկ անդրադարձել է նաև դիտորդական առաքելությունների կողմից այս նախագահական ընտրությունների արդյունքները ճանաչելուն: «ՀՀ իշխանությունները ծանակում են սեփական քաղաքացիներին «ընտրություն» կոչելով այս գործընթացը, թերևս բնական է այս որակն ունեցող իշխանական համակարգի համար, սակայն եթե միջազգային դիտորդները ևս մասնակցեն այս անիրավ գործելակերպի օրինականացմանը, ապա դա կդիտարկվի որպես ՀՀ պետականության և մեր երկրում ժողովրդավարական արժեքներին դեմ կատարվող ոտնձգություն»:

Շտաբի աշխատակիցներն ավելացրել են, որ յուրաքանչյուրը պետք է մտածի, թե ինչ պատասխան է տալու վաղը իր որդեգրած վարքագծի համար: