17 սեպտեմբերի 2005 - 09:10 AMT
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ
«Հինգ տարի է անցել այն ժամանակից, երբ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Գլխավոր ասամբլեայում ընդունեցին Հազարամյակի հռչակագիրը` պարտավորվելով հասնել հազարամյակի զարգացման նպատակներին: Միանալով Հազարամյակի հռչակագրին` Հայաստանն իր երկարաժամկետ ռազմավարական ծրագրերում ներառել է Հազարամյակի զարգացման նպատակները»,- ՄԱԿ-ի ԳԱ 60-րդ նստաշրջանի շրջանակներում բարձր մակարդակի հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով` միջազգային կազմակերպությունների աջակցությամբ եւ ՀՀ կառավարության որոշմամբ 2003 թվականի օգոստոսին Հայաստանում հաստատվել է «ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը»: Այն ներառում է հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանն ուղղված միջոցառումները եւ համապատասխանում է երկրի զարգացման ռազմավարությանը, հայտարարել է Ա.Մարգարյանը` ավելացնելով, որ ծրագիրը հաշվի է առնում ազգային առանձնահատկությունները եւ վայելում է ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների աջակցությունը:
Ինչպես նշել է Հայաստանի վարչապետը, ահաբեկչությունը մնում է մարդկության առջեւ ծառացած ամենագլխավոր չարիքը: 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում, այնուհետ Բեսլանում, Մադրիդում, Լոնդոնում եւ աշխարհի այլ վայրերում տեղի ունեցած ահաբեկչությունները ցույց են տալիս, որ երկրներն ավելի սերտ համագործակցության միջոցով պետք է միավորեն իրենց ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում: «Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսեւորում»,- ընդգծել է Ա.Մարգարյանը: «Մենք ողջունում ենք գլխավոր քարտուղարի կողմից ձեռնարկված քայլերը, որոնք ուղղված են հետագայում հնարավոր ցեղասպանությունների կանխարգելմանը: Այդ կապակցությամբ կցանկանայի հատուկ ընդգծել բնակչությանը ցեղասպանություններից, ռազմական հանցագործություններից, էթնիկ զտումներից եւ մարդկության դեմ գործվող հանցագործություններից պաշտպանելու պատասխանատվության վերաբերյալ հայեցակարգը բարձր մակարդակի հանդիպման ամփոփիչ փաստաթղթում ներառելու կարեւորությունը»,- հայտարարել է Ա.Մարգարյանը: Նրա խոսքերով` միջազգային հանրությունը պետք է իր բոլոր ջանքերը գործադրի հնարավոր ցեղասպանությունները կանխարգելելու համար: Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, հայերը քաջատեղյակ են ցեղասպանության քաղաքականության սարսափելի հետեւանքներին: Խոսելով հարավային Կովկասի տարածաշրջանում առկա հակամարտությւոնների մասին` վարչապետը հայտարարել է. «Մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունության երաշխիքներից մեկը տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորումն է: Հայաստանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կողմնակիցը լինել: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն օգտվել է միջազգային իրավունքի սկզբունքներով նախատեսված իր ինքնորոշման իրավունքից` ճիշտ այնպես, ինչպես վերջին տարիներին այդ իրավունքից օգտվել են այստեղ ներկա գտնվող որոշ երկրներ: Մենք վտահ ենք, որ միայն փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության մթնոլորտի եւ պատմական ճշմարտությունն ընդունելու կամքի առկայության պայմաններում է հնարավոր ապահովել ժողովուրդների խաղաղ եւ բարիդրացիական գոյակցությունը մեր տարածաշրջանում: Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխադարձ վստահության ամրապնդման գործում մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս տարածաշրջանային մակարդակով համագործակցությանը: Ցավոք, դրան խոչընդոտում են Հայաստանի շրջափակումը, ինչպես նաեւ մեր տարածաշրջանի որոշ երկրների կողմից նման համագործակցություն ծավալելու ցանկության բացակայությունը: Հայաստանն աջակցում է ՄԱԿ-ի բարեփոխմանն ուղղված ջանքերին` մասնավորապես Գլխավոր ասամբլեայի հեղինակության բարձրացմանը եւ դերի մեծացմանը, Մարդու իրավունքների խորհրդի ստեղծմանը եւ հատկապես Անվտանգության խորհրդի աշխատանքի մեթոդների արդյունավետության բարձրացմանը: Մենք համոզված ենք, որ բարեփոխված Միավորված ազգերի կազմակերպությունը կարող է հաջողությամբ դիմակայել մեր ժամանակի` գնալով աճող մարտահրավերներին»: