19 սեպտեմբերի 2005 - 07:52 AMT
Վ. ՕՍԿԱՆՅԱՆԸ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ «ՍԱՌԵՑՎԱԾ» ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Սեպտենբերի 18-ին Նյու Յորքում Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 60-րդ նիստի շրջանակներում տեղի է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Բորիս Տառասյուկի հանդիպումը Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական եւ առեւտրատնտեսական համագործակցության արդի հարցեր, մասնավորապես, միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման վերաբերյալ: Առանձին ուշադրություն է դարձվել ետխորհրդային տարածքում «սառեցված» հակամարտությունների կարգավորման խնդիրներին: Զրուցակցի խնդրանքով, Բ.Տառասյուկը տեղեկացրել է մերձդնեստրյան հակամարտության կարգավորմանն ուղղված Ուկրաինայի ջանքերի մասին: Իր կողմից, Վ.Օսկանյանը հաղորդել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին` նշելով, որ առաջընթացը մերձդնեստրյան խնդրի լուծման հարցում դրական ազդեցություն կունենա այլ «սառեցված» հակամարտությունների կարգավորման վրա: Զրուցակցի խնդրանքով, Բ.Տառասյուկը տեղեկացրել է նաեւ համատեղ վրաց-ուկրաինական նախաձեռնության մասին Ժողովրդավարական ընտրության համագործակցություն ստեղծելու եւ այդ կապակցությամբ ընթացիկ տարվա աշնանը Կիեւում գագաթնաժողով անցկացնեկու վերաբերյալ: