Հունան Պողոսյան. Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը գերազանցապես ասեկոսեներ են

Հունան Պողոսյան. Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը գերազանցապես ասեկոսեներ են

PanARMENIAN.Net - Ընտրությունների օրը ՀՀ ոստիկանություն ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերն ու հաղորդումներն հիմնականում ընտրակաշառքների բաժանման մասին են եղել: ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի խոսքով՝ տեղեկությունները գերազանցապես ասեկոսեների վերարտադրանք են, փաստեր չեն պարունակում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրությունների ինչպես նախապատրաստական շրջանում, այնպես էլ ընտրությունների օրը ոստիկանության ծառայողների կողմից հաստատման, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի անդամները ամփոփ ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները:

Հունան Պողոսյանը նկատեց, որ աննախադեպ արդյունավետությամբ համագործակցել են լրատվամիջոցներն ու ոստիկանությունը: Նա տեղեկացրեց, որ այսօր՝ վաղ առավոտյան, ՀՀ ոստիկանապետն անցկացրել է խորհրդակցություն և հստակ հանձնարարել գործերի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնել:

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանն իր հերթին հայտնեց, որ մի շարք աշխատանքներ են կատարվել հաշվի առնելով նախորդ համապետական ընտրությունների ժամանակ եղած հաղորդումներն ու ահազանգերը: Աշխատանքներ են տարվել ընտրողների ռեգիստրի, մեկ հասցեում տասը և ավելի թվով անձանց հաշվառման, արտերկրում գտնվող ՀՀ քաղացիների քվեարկության, ցուցակների ճշտման ուղղությամբ:

«Պարզվեց, որ 3500-ով պակասել են նույն հասցեում տասից ավելի թվով անձանց հաշվառման դեպքերը: Մենք այսօր ունենք ցուցակ, որը մոտ է իդեալականին: Մնացած այլ խոսակցությունները որևէ աղերս չունեն իրականության հետ»,- ասաց Արթուր Օսիկյանը: Նա նաև տեղեկացրեց, որ քվեարկության օրը ընտրացուցակների վերաբերյալ եղել է 2 ահազանգ և 23 հաղորդում: Միայն մեկ դեպքով է հաղորդումը համնապատասխանել ճշմարտությանը: «Լրացուցիչ ցուցակների հետ կապված մենք հայտարարել ենք, որ այդ ցուցակում եղած անձանց տվյալները չեն կարող լինել մեկ այլ ցուցակում: Բացառվում է նման թեկուզ մեկ դեպք»,- ասաց նա:

Նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված դեպքերի վերաբերյալ ամփոփ հաշվետվություն ներկայացրեց ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը: Նա նշեց, որ քննարկվել և քննարկման փուլում է գտվում 96 դեպք, որոնցից 63-ը նախընտրական կաշառքի վերաբերյալ: Անհիմն լինելու պատճառով թողնվել է 10 դեպք, քրգործի հարուցումը մերժվել է 30 դեպքերով, նախապատրաստվում են նյութեր 50 դեպքերով:

Իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանի խոսքով՝ ընտրության օրը բացառիկ թափանցիկ և հրապարակային աշխատաոճ է ցուցաբերել ոստիկանությունը: Նա տեղեկացրեց, որ ընտրությունների ընթացքում արձանագրվել և ստացվել են 104 ահազանգ ու հաղորդում՝ Երևանից 41, մարզերից՝ 63: Լրագրողների մասնագիտական պարտականությունները խոչընդոտման 4 դեպք է արձանագրվել՝ Էրեբունիում, Գյումրիում, Մալաթիայում, Արտաշատում: Ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր հնարավոր միջոցառումները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---