19 սեպտեմբերի 2005 - 13:30 AMT
Վ.ՕՍԿԱՆՅԱՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՅՔԱՐԵԼ ԵՎ ՆՎԱՃԵԼ Է ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 60-րդ նստաշրջանում ելույթով հանդես է եկել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես, խոսել է ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների մասին, կարեւորելով դրանցում ներառված աղքատության դեմ պայքարը եւ տնտեսական զարգացման անհրաժեշտությունը: Այնուհետեւ նախարարը ներկայացրեց վերջին շրջանում Հայաստանի գրանցված տնտեսական ձեռքբերումները: Նա հատուկ նշեց, որ այսօրվա գերնպատակը տնտեսական հաջողությունները յուրաքանչյուր քաղաքացու համար հասանելի դարձնելն է: Վ.Օսկանյանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Մարդկային Զարգացման հաշվետվության համաձայն Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը, ինչը լավագույն ցուցանիշն է տարածաշրջանում: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հատուկ կարեւորեց ժողովրդավարության զարգացումը Հայաստանում, ընդծելով կայուն, թափանցիկ եւ ուժեղ ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման անհրաժեշտությունը: Բացի այդ, իր ելույթում նախարարը կանգ առավ նաեւ տարածաշրջանային հակամարտություններին եւ դրանց կարգավորման ընթացքին: Նա մասնավորապես նշեց, որ «տարածաշրջանային հակամարտությունների պարագայում ռազմական լուծումներ քարոզելը ոչ միայն անիրական է, այլեւ արտացոլում է ժողովրդավարության, մարդու իրավունքների ու իրավական հասարակության ընկալումների ակնհայտ բացակայությունը»: «Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիրները գիտեին, որ անվտանգությունը, զարգացումն ու մարդու իրավունքները համընթաց են գնում», ասաց նախարարը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին` նա ընդգծեց. «Ինքնորոշումը մարդու իրավունք է: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարել եւ նվաճել է ինքնորոշման իրավունքը: Դրան հասնելու համար նրանք դիմակայել են իրենց ընտրությունը չվայելող մի կառավարության քաղաքական ու ռազմական ագրեսիան, որը փորձում էր բռնությամբ, կատաղաբար, կոպտորեն ճնշել իրենց: Իրենց իրավունքի համար պայքարելը իրենց ընտրությունը չէր: Նրանց իրավունքները ոչ վերացական էին, ոչ էլ չափազանցված: Նրանք ցանկանում էին այն, ինչ մեզանից շատերն ունեն, այն է` իրենց հողի վրա, իրենց տանը, բռնությունից զերծ խաղաղ ապրելու իրավունք: Հակառակ ամենի, նրանց դա հաջողվեց: Այդ ժամանակից ի վեր նրանք դրսեւորել են կառավարելու, ժողովրդավարական հաստատություններ զարգացնելու եւ իրենց անկախությունը պահպանելու կարողությունը»: Կարեւորելով Հազարամյակի զարգացման նպատակների իրականացումը` նախարարը նկատեց, որ ի վերջո մենք հաշվետու ենք մեր ապագա սերունդների առջեւ: «Երկու մեծ համաշխարհային պատերազմներից հետո ՄԱԿ-ի հիմնումը հույս եւ հավատ ներշնչեց ժողովուրդներին` իրենց ապագայի եւ իրենց երեխաների կյանքի համար», ասաց նախարարը: «Եվ մեր պատասխանը ինքներս մեզ եւ մեր երեխաներին պետք է լինի միացյալ մղումը, միացյալ միջոցները եւ միացյալ պատասխանները միացյալ ազգերի կողմից: Միացյալ Ազգերի կազմակերպությունը կարող է դեռեւս լինել այդ պատասխանը», ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավարը: