Դիտորդներ. Երեկ տեղի ունեցած ընտրությունները բարելավվում էին 2008-ի համեմատ

Դիտորդներ. Երեկ տեղի ունեցած ընտրությունները բարելավվում էին 2008-ի համեմատ

PanARMENIAN.Net - Երեկ տեղի ունեցած ընտրությունները բարելավվում էին 2008 թվականի համեմատ: Ընտրություններն ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված` հիմնարար ազատությունները,ներառյալ հանրահավաքների և խոսքի ազատությունը, պահպանվել են: Միաժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման պատճառով պետության և իշխող կուսակցության գործողությունները հնարավոր չէր հստակ տարանջատել: Եզրահանգումը ԵԽ, ԵԽԽՎ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներինն է, որոնք այսօր ներկայացրել են իրենց նախնական հայտարարությունը:

«Մրցակիցներն ունեցել են ազատ քարոզարշավ իրականացնելու, իսկ ընտրողներն ընտրելու հնարավորություն: Լրատվամիջոցները հավասարաչափ են լուսաբանել և բոլոր թեկնածուներն օգտվել են իրենց հատկացված անվճար եթերաժամից: Նախորդ նախագահական ընտրություններից հետո ընտրական գործընթացում կատարվել են հստակ բարելավումներ», - ասաց ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Քարին Ուոլդսեթը:

Դիտորդները հայտարարեցին, որ չնայած որոշ թեկնածուներ պնդում էին, թե ընտրացուցակներն ուռճացված են և մտահոգություն են հայտնել երկրից բացակայող անձանց փոխարեն հնարավոր քվեարկության մասին, այնուամենայնիվ, նշվածի վերաբերյալ ոչ մի փաստ չի տրամադրվել նախքան ընտրությունները: Առաքելությունը դրական է գնահատում ընտրացուցակների ճշգրտման ջանքերը` չնայած նշում է, որ աշխատանք դեռ կա:

«Մենք դիտարկել ենք խաղաղ ընտրություններ, որոնց ժամանակ ոչ զգալի դժվարություններ են եղել: Նախորդել է որոշ առումով հանգիստ, զուսպ քարոզարշավը` քաղաքական բանավեճի և իրական մրցակցության ակնհայտ բացակայությամբ», - ասաց ԵԽ պատվիրակության ղեկավար Միլան Ցաբրոնխը և ավելացրեց, որ պատճառը 3 հիմնական կուսակցությունների` թեկնածու չառաջադրելու որոշումն էր:

Չնայած թեկնածուներից մեկի դեմ մահափորձին` հենց ընտրության օրը խաղաղ էր ու կանոնակարգված: Նշված է դիտորդների հայտարարության մեջ, որից հետո անդրադարձ կա նաև գործող նախագահի վստահված անձանց անտեղի միջամտությունների և այլ լուրջ խախտումների մասին` ներառյալ ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքերը:

«Ընդհանուր առմամբ ընտրությունները կազմակերպվել են արհեստավարժ և արձանագրված խախտումները չէին կարող ազդել արդյունքների վրա», - ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին:

Հենց նրա խոսքի ժամանակ դիտոդների այս հայտարարություններին դեմ ակտիվիստուհին ընդհատեց ասուլիսն ու սկսեց հայտարարություն կարդալ` կոչ անելով նրանց չլեգիտիմացնել կեղծ ընտրությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---