20 փետրվարի 2013 - 15:41 AMT
Աժ հանձնաժողովը հետաձգել է «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագծի քննարկումը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 20-ի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց երկրորդ ընթերցման ներկայացված «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, տեղեկացրեց, որ մինչև երկրորդ ընթերցում ՀՀ կառավարությունն ընդամենը հստակեցումներ է կատարել զբոսաշրջային գործունեություն իրականացնող կազմակերպությունների պարտավորություններին վերաբերող հոդվածում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված օրինագծերի փաթեթին: ՀՀ կառավարության առաջարկով՝ հանձնաժողովը հետաձգեց «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ՝ Արտակ Դավթյանի նախագահությամբ նույն օրը հրավիրված նիստի օրակարգում ընդգրկված էր «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի քննարկումը, հանձնաժողովի որոշմամբ, հետաձգվեց մինչև մեկ տարի ժամկետով, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: